Ենթադրում եմ, որ առաջիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ». Հակոբ Բադալյան
Քաղաքական
19:47 11/04/2026
Հայաստան

Ենթադրում եմ, որ առաջիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ». Հակոբ Բադալյան

Հրավիրած հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց ներդրումների մասին: Ազատության հրապարակում տեղի ունեցած հանարհավաքին հնչած ելույթներին անդրադառնալով՝  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Սա, իմ գնահատմամբ, ամենակարեւոր թեմաներից մեկն է, որ պետք է լինի Հայաստանի նախընտրական օրակարգում: Եվ հետևաբար ողջունելի է այս թեմայի ցանկացած շեշտադրում, որ իրականացվում է ընդդիմության դաշտում:

Իհարկե, ներդրումների մասին խոսում է նաեւ իշխանությունը, բայց այդ տեսանկյունից, իշխանության հարցում ներդրումների մասին պարզապես աղաղակում է իրականությունը: Որովհետեւ իրականությունն այն է, որ Հայաստանը պարզապես զրկվել է օտարերկրյա ներդրումային որեւէ հեռանկարից: Իսկ օտարերկրյա ներդրումները պարզապես տնտեսական հարց չեն, դա պետության նաեւ միջազգային հարաբերությունների հարց է: Ներդրումները ստեղծում են բազմաշերտ հաղորդակցություն միջազգային մասշտաբով, ինչը անվտանգության համակարգի հիմնարար մաս է:

Այդ տեսանկյունից, Հայաստանի ներկայիս իրավիճակը պարզապես ձախողումների պատմություն է: Մի քանի ներդրումային խոշոր ծրագրի ձախողում, որը նաեւ փաստորեն եղել է ազդակ արտաքին ներդրողների համար, որ Հայաստանը վստահելի եւ կանխատեսելի գործընկեր չէ: Եթե դրան ավելացնում ենք նաեւ այն, որ քաղաքական կոնյուկտուրայից բխող քայլեր են արվել Հայաստանում արդեն իսկ եղած ներդրումային խոշոր ծրագրերի հանդեպ, ապա սա պարզապես «հականերդրումային դատավճիռ» է պետության՝ ցանկացած պետության, առավել եւս մեր պետության համար:

Ինչու՞ առավել եւս մեր: Երկու էական պատճառով: Նախ, որովհետեւ հակառակորդ պետությունը պարզապես մեծ թափով է իրականացնում պայմանավորվածություններ արտաքին խոշոր ներդրողների հետ եւ այդպիսով ստեղծում նաեւ քաղաքական շահերի կոմպակտ հաղորդակցություն՝ այդ ամենը նաեւ մեր դեմ հավակնություններում իր դիրքերն առաջ տանելու համար: Եվ երկրորդ՝ Հայաստանը մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված առանց այդ էլ ունի ոչ նպաստավոր «բնական գրավչություն», հետեւաբար պետք է պարզապես գերբծախդիր լինի արտաքին ներդրումային, խոշոր ներդրումային նախագծերի հանդեպ գործընկերային պատասխանատվության հարցում:

Այս երկու կարեւորագույն առումներով Հայաստանում պարզապես տապալում է: Հետեւաբար չափազանց կարեւոր է, երբ որեւէ ընդդիմադիր ուժ, եւ այս դեպքում առավել եւս ընդդիմության դաշտում առաջնորդողի կարգավիճակ ունեցող ուժը, պատասխանատու հանձնառություն է ստանձնում հանրության առաջ ներդրումային հեռանկարի իմաստով:

Հայաստան գալու են իրական ներդրումներ, իրական ներդրողներ, ասում է Նարեկ Կարապետյանը: Այստեղ թերեւս ակնարկ է, որ Հայաստանում իրական ներդրումների բացակայության պայմաններում «օդը լցնում» են ինչ որ «միլիարդավոր ամերիկյան ներդրումների» մասին խոսակցությունններով:

Մյուս կողմից, իհարկե հարց առաջանում հանրության մոտ, թե ի՞նչ երաշխիք, որ Կարապետյանը ապահովելու է իրական ներդրումներ:

Իհարկե համոզիչ փաստարկներն այդ առնչությամբ պետք է ներկայացնի Կարապետյանի թիմը: Դա պետք է լինի նախընտրական գլխավոր անելիքներից մեկը: Ընդ որում, որքան նկատել եմ, այդ աշխատանքը արդեն իսկ կատարվում է, ընդ որում նաեւ հանրությանը ներկայացնելով ռեգիոնալ առանձնահատկությունների համատեքստում:

Մյուս կողմից, ինքնին այն, որ Կարապետյանին հաջողվել է գրեթե զրոյից կառուցել հսկա բիզնես համակարգ, արդեն իսկ գործնական եւ համոզիչ փաստարկ է այդ հարցում:

Դրան զուգահեռ, այստեղ կանեմ նաեւ մի՝ ենթադրություն, որ Սամվել Կարապետյանի ընտրական հաջողության դեպքում, նրա կառավարության հետ թերեւս կաշխատեն նաեւ նրա գործընկեր խոշոր ներդրողները, թե ազգությամբ հայ, թե օտարերկրացի:

Այս տեսանկյունից, կենտրոնանամ իհարկե հենց հայկական կապիտալի վրա, որովհետեւ ինքս այս թեմայով պարբերաբար խոսել եմ դեռեւս 10-15 տարի առաջ, եւ խոսում եմ մինչեւ հիմա: Նաեւ այդ տեսանկյունից է, որ ես իբրեւ Հայաստանում կենսական անհրաժեշտություն դարձած փոփոխության միջոց դրական եմ դիտարկել Սամվել Կարապետյանի գործոնը հայաստանյան ներքին պրոցեսում:

Հայկական կապիտալը, համաշխարհային հայկական կապիտալը պետք է առավել ուղիղ եւ անմիջական պատասխանատվություն ստանձնի հայ հանրության առաջ՝ հայկական պետականության վերականգնման եւ ապագայի համար, գործնական, ուղիղ եւ առավել համապարփակ պատասխանատվություն:

Կրկնեմ, ինքս սրա մասին խոսել եմ վերջին 10-15  տարիներին, պարբերաբար, փորձել եմ բարձրաձայնել սրա կարեւորությունը, փորձել եմ խոսել այդ հարցում կապիտալի կրողների բացթողումների, պասիվության մասին: Եվ այդ համատեքստում է նաեւ, կրկնեմ, որ ողջունում եմ ներկայումս ստեղծված հնարավորությունը, որպես կենսականորեն կարեւոր փոփոխության նշանակալի միջոց: Եվ այդ համատեքստում, եթե Կարապետյանը ստանձնի առավել խոշոր հավաքականության պատասխանատվություն, ու հաջողի այդ գործում՝ այն իհարկե կառուցելով առաջին հերթին որոշակի ազգային, հանրային ու քաղաքացիական արժեքների վրա, դա կլինի Հայաստանի համար իսկապես շրջադարձային կետ:

Ես հանրահավաքային տեխնոլոգիաների գիտակ չեմ, եւ միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ հանրահավաքը քաղաքական պրոցեսում ժանր է, որն ունի իր կանոնները, որոնք չափելի չեն այսպես ասած տողատակային դիտարկումների տրամաբանությամբ: Այդ տեսանկյունից, հանրահավաքի վերաբերյալ գնահատականներից կմնամ ձեռնպահ:

Ընդհանուր համատեքստում, գահատելով փաստն ինքնին, եզրակացությունս այն է, որ Կարապետյանը ազդարարում է այսպես ասած «եզրափակիչ ուղեգիծ» մտնելու մասին: Եվ դատելով այն հանգամանքից, որ դա ազդարարելու համար ընտրվել է զանգվածային ակցիայի տարբերակը՝ ինչը ստեղծում է նշաձողային բարձր ընկալումներ, ենթադրում եմ, որ առաջիիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»: Կրկնեմ, սա իմ անձննական դիտարկումն է, ելնելով մեկնակետի ընտրության հանգամանքից: Համենայն դեպս, հանրահավաքային բարձր տոնով մեկնարկը այդ իմաստով հանրության մոտ թերեւս առաջացնում, սրում է օրինաչափ ինտրիգ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ենթադրում եմ, որ առաջիկա դինամիկ ժամանակահատվածի համար Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ». Հակոբ Բադալյան