ՔՊ-ն կարծեք թե ուղիղ տեքստով ասում է՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, մեզ մի ընտրեք». Արշակ Սրբազան
Հասարակություն
17:16 14/04/2026
Հայաստան

ՔՊ-ն կարծեք թե ուղիղ տեքստով ասում է՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, մեզ մի ընտրեք». Արշակ Սրբազան

«Նախընտրական ծրագրում այդպիսի թեզ ամրագրելը... Դժվարանում եմ մեղմ  գնահատական գտնել, բայց ամենամեղմը  թերևս այն է, որ հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, որ ՔՊ նախընտրական ցուցակի 10-րդ կետով  առաջարկվում է ընտրություններից հետո բավարար քվեներ ունենալու դեպքում Կաթողիկոսի նոր ընտրություն նշանակել։

«Նախ և առաջ սա բացարձակապես իրենց լիազորությունների տիրույթում չէ, իրենք նման խնդիր լուծելու ռեսուրս չունեն։ Դա բացառապես ներեկեղեցական հարց է և խնդիր։ 

Սրա մեջ այլ ուղերձ էլ եմ տեսնում. մարդիկ կարծեք թե ուղիղ տեքստով ասում են՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, ովքեր եկեղեցու դավանորդներ են, մեզ մի ընտրեք»։  Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը հայ եկեղեցու հետևորդ է, այդ մասին բարձրաձայնել  ու գնալ,  ընտել  ՔՊ-ին՝ հաշվի առնելով, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում նման դրույթ է նախատեսված»,- նշեց Արշակ Սրբազանը։

Սակայն մխիթարականն այն է, ըստ Սրբազանի, որ 2021 թ. ՔՊ նախընտրական ծրագրում տեղ գտած բոլոր դրույթները մեծամասամբ չեն իրականացվել։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մարտի 27-ի որոշմանը, որով Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, Արշակ Սրբազանը նախ ասաց, որ որոշում է ընդունել՝ կարգալույծ Արման Սարոյանին մասին չխոսել, ապա շարունակեց. «Ավելի մեծ վնաս, որ ինքը տվեց իրեն, ոչ մի թշնամի չէր կարող տալ իրեն։ Այդ մարդուն, որը հեռացված է եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգևոր ծառայության։ Սա հերթական ցեխոտ, կեղտոտ ոտքերով միջամտությունն է եկեղեցական գործերին։

Որևէ մեկը չի կարող ներկայացնել եկեղեցին առանց եկեղեցու վերադաս, բարձրագույն մարմնի իշխանության կամ ընդունված կանոնակարգերի։ 

Դա ակնհայտ ապօրինություն է, ոտնձգություն է։ Այս գործողությունները խորը կասկածներ են առաջացնում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու բնույթի,  առաջնահերթության վերաբերյալ։ Բիրտ ուժի, կոպիտ ոտնձգությունների շրջանակներում իրականացված գործողություն է»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն կարծեք թե ուղիղ տեքստով ասում է՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, մեզ մի ընտրեք». Արշակ Սրբազան