«Հրապարակ». Գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից
Օրվա մամուլ
08:52 14/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին և այլոց։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին:

Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել. նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել և թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության և իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, և Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն: Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից և նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված և մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված: Ամենակարևորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները և ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից