Փաշինյանի «եվրոպական կուրսը» այն է եղել, ինչ բխել է նաեւ Ռուսաստանի անհրաժեշտություններից. Քաղաքակա վերլուծաբան
Քաղաքական
16:01 14/04/2026
Հայաստան

Փաշինյանի «եվրոպական կուրսը» այն է եղել, ինչ բխել է նաեւ Ռուսաստանի անհրաժեշտություններից. Քաղաքակա վերլուծաբան

«Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել Կալլասի հետ հանդիպման: Ըստ ամենայնի այնտեղ ակնկալելու են «հաշվետվություն» Փաշինյանի մոսկովյան այցի մասին, նաեւ ՌԴ դեսպանի՝ ԿԸՀ այցի մասին: Ես մատնանշել եմ տարբեր առիթներով, որ Եվրամիությունը չի վստահում Հայաստանի իշխանությանը: Սա իհարկե արտառոց բան չէ: Իսկ ինչու՞ պետք է վստահի: Նիկոլ Փաշինյանը ինչո՞վ է ԵՄ համար վստահելի, եթե մինչեւ վարչապետ դառնալը գործնականում որեւէ էական առնչություն չի ունեցել ԵՄ հետ, եւ ավելին՝ «եվրայոնջաներ» արտահայտության հեղինակն է»,-գրում է քաղաքական  վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ պարզապես, Փաշինյանը հիմա ունի ԵՄ կարիքը, եւ Եվրամիությունը փորձում է առավելագույնս օգտագործել այդ կարիքը՝ իր քաղաքական կարիքները առաջ մղելու համար: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանը ԵՄ համար «հազվագյուտ» գտածո է: Վրաստանի հարցում հույս չկա, Ադրբեջանի հարցում չի եղել երբեք, եւ ավելին՝ կա կախվածություն էներգակիրներից եւ այլ հարցերից: Մնում է Հայաստանը, որտեղ պատերազմ պարտված իշխանություն է, որը պատասխանատվությունից խուսանավելու մի տարբերակ ունի՝ պահել իշխանությունը:

«Բայց ԵՄ-ն հենց այստեղ է նաեւ, որ խորացել է թերեւս իր կասկածների հարցում: Իսկ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ պայմանավորվել Մոսկվայի հետ ու հեռանալ: Ի վերջո Եվրամիության քաղաքական առաջնորդները աշխարհը չեն չափում Նիկոլ Փաշինյանի «ֆան-ակումբների» կամ «մերձիշխանական արբանյակ»  մեդիափորձագիտական «անկախ» կամ «արեւմտամոլ» շրջանակների պրիզմայով կամ աշխարհայացքով: 

Թեեւ, մյուս կողմից, թե իշխանության ներսում, թե նաեւ մերձիշխանական արբանյակներում մի զգալի մաս հենց Եվրամիության գործիքակազմի տարր է Փաշինյանին ճնշման տակ պահելու համար: Իհարկե հարց է, թե որքան էֆեկտիվ է այդ գործիքը: Մյուս կողմից հենց դրա համար է, որ Բրյուսելը հասել է այն բանին, որ Երեւանի «խնդրանքով» արագ արձագանքման խումբ տեղակայվի Հայաստանում: Ես նշել եմ ավելի վաղ, որ այդ խմբի անհրաժեշտություն պաշտոնական Երեւանը չունի բացարձակապես: Դա պետք է ԵՄ համար, պարզապես Երեւանին այսպես ասած աջակցություն ցուցաբերում են թերեւս այդ խմբի տեղակայման «խնդրանքի» դիմաց:

Իհարկե այլ հարց է, թե արդյո՞ք Մոսկվան կպայմանավորվի Փաշինյանի հետ՝ նրա հեռանալու հարցում: Վերջին հաշվով, իսկ Մոսկվային նրա հեռանալը կամ մնալը պե՞տք է, թե՞ պետք չէ: Ըստ իս, Պուտինի հետ հանդիպումը վկայեց մի բանի մասին՝ Մոսկվան պատրաստ է Փաշինյանի թե գնալուն, թե մնալուն, բայց այդ հարցում չի ստանձնի որեւէ էական պատասխանատվություն: Պատճառները խորն են, բազմաշերտ:

Կրկնեմ, Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արել որեւէ քայլ, որը առարկայորեն ռիսկ է ստեղծել կամ ոտնահարել է այստեղ Ռուսաստանի շահերը: Եվ ավելին, Փաշինյանի «եվրոպական կուրսը» այն է եղել, ինչ բխել է նաեւ Ռուսաստանի անհրաժեշտություններից:

Բացատրեմ եմ սխեման մի քանի անգամ. Ռուսաստանին պետք էր, որպեսզի ուկրաինական ճակատի պայմաններում Կովկասում չստանա որեւէ խնդիր, որը կստիպի  ռեսուրս ու ժամանակ կենտրոնացնել այս ուղղությամբ: Օվերչուկի կամ Զախարովայի, կամ նույնիսկ Լավրովի շուրթերով ժամանակ առ ժամանակ Երեւանին «կարմիր գծեր» հիշեցնելը Ռուսաստանի համար եղել է ու շարունակում է լիել պրոֆիլակտիկ մի զբաղմունք, որը չի պահանջում որեւէ ջանք: Գլխավորը եղել է Կովկասում չստանալ «երկրորդ ճակատ»:

Նիկոլ Փաշինյանը լուծել է այդ խնդիրը Մոսկվայի համար: Լուծել է Հայաստանի շահերի ու իրավունքների հաշվին, բայց դա բնականաբար Ռուսաստանին քիչ է հետաքրքրում, ինչպես քիչ է հետաքրքրում որեւէ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի:

Իսկ խնդիրը Փաշինյանը լուծել է «եվրաինտեգրացիայի կուրսով»: Դրանով է «կերակրվել» հայ հանրությունը եւ լռել այն գնի հարցում, որ Հայաստանը վճարել է Ռուսաստանին ավելորդ հոգս չպատճառելու համար: Իսկ այսպես կոչված «արեւմտամոլ» քաղաքացիա-քաղաքական-քաղաքագիտական շրջանակները ընդամենը օգնել են Փաշինյանին այդ հարցում՝ հայ ժողովրդին հրամցնելու հարցում, այդպիսով իրենց լուման բերելով Ռուսաստանին կովկասյան ավելորդ հոգսից Հայաստանի շահի ու իրավունքների հաշվին ազատելու պրոցեսը հանրայնորեն լեգիտիմացնելու գործում»,-գրում է վերլուծաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի «եվրոպական կուրսը» այն է եղել, ինչ բխել է նաեւ Ռուսաստանի անհրաժեշտություններից. Քաղաքակա վերլուծաբան