Խզմալյանը դժգոհ է Եվրադաշինքի նախկին գործընկերներից, ԱԺԲ-ում էլ «բազար» էր սարքել
Քաղաքական
10:04 15/04/2026
Հայաստան

Խզմալյանը դժգոհ է Եվրադաշինքի նախկին գործընկերներից, ԱԺԲ-ում էլ «բազար» էր սարքել

«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։  Եվրադաշինիքի  նախկին գործընկերները հրաժարվել են համատեղ ուժերով հանդես գալ։ 

«Փաստորեն հայ ժողովուրդն առնչվում է մի իրավիճակի, երբ նախկին ու ներկա իշխանությունները հանդես են գալիս գրեթե նույն ծրագրով, որի  հիմնական իմաստն է դուրս պահել Հայասանը Եվրոպայից, պահել այն ռուս-թուրքական թակարդում»,-ասել է Խզմալյանը։

Նա նաև հայտարարել է, որ 2021 թվականի ընտրություններին ստեղծել են Ազգային ժողովրդավարական բևեռ, որի մեջ մտնում էր Սասնա ծռեր կուսակցությունը և Եվրոպական կուսակցությունը, միասին դարձել են Ազգային ժողովրդավարական բևեռ։

ԱԺԲ անդամ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանն ի պատասխան նշել է՝ մեղմ ասած՝ նման հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ։

«Ազգային ժողովրդավարական բևեռը չի ստեղծվել երկու կուսակցությունների միավորումից։ Այն ստեղծվել է որպես ՎԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ հարթակ՝ միավորելու ազգային ժողովրդավարական ուժերին ու անհատներին։ Ի վերջո, պատահական չէր, որ նրա խորհրդի անդամների մեծամասնությունը եղել և մնում են անկուսակցական։ Անգամ կուսակցության անդամները Բևեռում էին ՈՉ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ՝ անհատական կարգավիճակով։ Իսկ նա հեռացավ Բևեռից, որովհետև իր կուսակցության համար ԲԱԶԱՐ էր սարքել և առաջարկում էր ցուցակը կազմել՝ մեկ հոգի Սասնա ծռերից, մեկ հոգի Եվրոպական կուսակցությունից, մեկ հոգի մնացածից։ Բնականաբար, նման կուսակցականացված դիրքորոշումն անընդունելի էր։ Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։

Նույն ելույթում Խզմալյանը նաև ասել է․ «Շաբաթներ առաջ Ազգային ժողովրդավարական բևեռ անվանող իրեն կառույցը առաջարկում էր միանալ Կարապետյան կոչվող քաղաքական շարժմանը»։

Սա էլ սուտ։ Ազգային ժողովրդավարական բևեռը ոչ պաշտոնական, ոչ էլ անհատական մակարդակով երբևէ չի "առաջարկել միանալ" որևէ մեկին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի շարժմանը։

Պահանջում եմ, որ Տիգրան Խզմալյանն այս գրության տակ տեղադրի իր խոսքը հիմնավորող որևէ տեսագրություն։ Հակառակ դեպքում նա զրպարտիչ է և ստախոս»,-նշում է Պապյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խզմալյանը դժգոհ է Եվրադաշինքի նախկին գործընկերներից, ԱԺԲ-ում էլ «բազար» էր սարքել