Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չեք հայտագրվել՝ չեք ընդունվի համալսարան. ապրիլի 15-ից մեկնարկում է հայտագրման երկրորդ փուլը
Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը․ դիմումները կընդունվեն առցանց մինչև մայիսի 10-ը։ Հունվար-փետրվարին առաջին փուլին մասնակցած դիմորդները նույնպես պարտավոր են լրացնել նոր դիմում-հայտ, նույնիսկ եթե արդեն բավարար միավոր են հավաքել և չեն պատրաստվում մասնակցել հունիսին նախատեսված քննություններին։
Panorama.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է մուտք գործեն համակարգ և հայտագրվեն՝ անկախ նրանից ցանկանում են պահպանել իրենց միավորները, թե վերահանձնել քննությունները։
«Այս փուլում պարտադիր է բուհի և մասնագիտության ընտրությունը։ Եթե սահմանված ժամկետներում չընտրվեն թե՛ բուհը, թե՛ մասնագիտությունը, դիմորդը չի կարող ընդունվել համալսարան»,- ընդգծում է Նասիբյանը։
Համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի ծրագրավորող Միքայել Խոսրովյանը, անդրադառնալով տեխնիկական պահանջներին, նշեց, որ դիմորդները պարտադիր պետք է կցեն համապատասխան 3x4 չափի ակադեմիական լուսանկար։
«Ունենք տարօրինակ դեպքեր, երբ կցվում են ոչ համապատասխան լուսանկարներ։ Պետք է լինի հենց 3x4 չափի ակադեմիական լուսանկար։ Եվ վերջում անհրաժեշտ է անպայման հաստատել հայտը»,- նշում է Խոսրովյանն ու ցույց տալիս գործընթացը քայլ առ քայլ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։