Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
Մշակույթ
17:27 16/04/2026
Հայաստան

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության և պահպանման նպատակով: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ