Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով նիստը հետաձգվեց. Ոստիկանները չէին կարողացել դատարան բերել Արթուր Սարգսյանին ու Չախալյանին
18 արդարների գործով այսօր դատարան չէին ներկայացվել տնային կալանքում գտնվող Արթուր Սարգսյանն ու Վահագն Չախալյանը։
Դատարանին հայտնել են, որ աշխատանաքային ծանրաբեռնվածության պատճառով իրավապահ մարմնի աշխատակիցները չեն կարողացել ապահովել մեղադրյալ Ա. Սարգսյանի մասնակցությունը դատական նիստին։ Դատարանը չէր տիրապետում, թե ինչու Չախալյանը չի ներկայացվել նիստին։ Նախագահող դատավոր Կ. Ֆարխոյանն ասաց, որ տեղեկատվության չունեն նաև մի քանի պաշտպանների բացակայության պատճառների մասին։
Դատավորը վարույթի մասնակիցներին դիմեց՝ խնդրելով կարծիք հայտնել նիստը շարունակել-չշարունակելու մասին։
«Գտնում եմ, որ ՆԳ նախարարությունից, ոստիկանությունից պետք է պարզաբանում պահանջել նման գործելաոճի համար, հատկապես որ դատարանին նախապես տեղյակ չեն պահել բացակայության պատճառների մասին»,-ասաց հանրային մեղադրողն ու, վկայակոչեով օրենսդրությունը, նշեց, որ նիստը ենթակա է հետաձգման։
Պաշտպանական կողմն ասաց՝ արդեն դարձել է պրակտիկա, երբ տնային կալանքի տակ գտնվողների ներկայությունը չի ապահովում, այսքան մարդ հավաքվում է, բայց նիստի անցկացումը խոչընդոտվում է։
Պաշտպանական կողմն առաջարկեց, որ տնային կալանքի ներքո գտնվողների խափանման միջոցը փոփոխվի, այդ պարագայում մարդիկ ավելի պարտաճանաչ են ներկայանում, գործընթացն էլ առաջ կգնա։
Պաշտպաններից մեկն էլ նկատեց, որ իրավիճակն առաջիկայում ավելի է վատանալու, քանի որ մոտենում ենք ընտրություններին, իսկ իշխանությունը ճնշումներ ու ձերբակալություններ է իրականացնելու ընդդիմադիրների շրջանում։
«Ոստիկանների թիվը չի բավարարում, առաջարկում եմ տնային կալանքի մեջ գտնվող արդարներին, որոնք ապացուցել են, որ չեն ցանկացել ու չեն ցանկանում խոչընդոտել քրեական գործի քննությունը, այդ ռիսկը նվազել է, առաջարկում եմ փոխել տնային կալանքը, սահմանել վարչական վերհսկողություն, այդպիսով ոստիկաններին հնարավորություն կտանք զբաղվել ավելի կարևոր գործով՝ ձերբակալություններով»,-ասաց նա։
Պաշտպան Սերգեյ Հարությունյանն էլ նկատեց, եթե առաջին դեպքը լիներ, կմտածեին՝ ոստիկանության օրվա առթիվ է, բայց սա հիմք է, որ վերանայվի նրանց խափանման միջոցի հարցը։
«Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում երկրում, 14 անձ արդեն ձերբակալվել է, վաղը երևի ավելի շատ կձերբակալվեն։ Սա հիմք է, որ Դուք փոխեք խափանման միջոցները նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, պաշտպանները, ամրդիկ, լրագրողները գալիս են, ներկայանում են, Բագրատ Սրբազանին կալանավայրից բերում են, տեսնում ենք այս վիճակը»,-ասաց Հարությունյանը։
Դատավոր Ֆարխոյանն ասաց՝ դատական նիստը չի կարող շարունակվել, քանի որ մեղադրյալներից 2-ին չեն ներկայացրել նիստին, դատավորն ասաց՝ գրություն կհասցեագրի ՆԳՆ։ Հաջորդ դատակլան նիստը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի։