Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում ապրիլի 18-ին տեղի ունեցած պայթյուն-հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աղբավայրի տնօրենի տեղակալ Դանիելյանը զեկուցել է, որ ապրիլի 18-ին ժամը 18։00-ի սահմաններում սանհանգույցում, որտեղից արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված այն, ներս է մտել, լույսը վառել է և պայթուն է տեղի ունեցել։ Նա նաև հայտնել է, որ, ըստ բժիշկների տեղեկությունների, տնօրենը գտնվում է կայուն ծանր վիճակում։
Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ երկու տուժածի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր. 15% մաշկի ախտահարում կա ձեռքերի և դեմքի շրջանում։ Ըստ նրա, կարևորը շնչառական օրգաններն ախտահարված չեն»։ Իսկ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ հայտնել է, որ սանհանգույցի կոյուղագծի միջոցով բիոգազի շմոլ գազի կուտակում է տեղի ունեցել, որը պայթյունի պատճառ է հանդիսացել։