Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
16:01 21/04/2026
Հայաստան

Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան

«Ադրբեջանի գործողությունները վերջին շրջանում արտասահմանյան մեդիա, վերլուծական ու փորձագիտական շրջանակների կողմից ավելի հազվադեպ են որակվում որպես հակահայ, պարզ ասած, իրերն իրենց անուններով չեն կոչվում»,-«111-ամյա արդիականություն. Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով մասնագիտական խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը՝ խոսելով 2020 թվականից հետո տեղի ունեցած զարգացումների մասին։

Նրա խոսքով, դրան նպաստում է նաև հայկական կողմի պաշտոնական խոսույթը; Օրինակ,  երկու օր առաջ նա տեսել է ԱԳ նախարարության հաղորդագրությունը, որտեղ «ռազմագերիներ» բառի փոխարեն օգտագործված էր «Ադրբեջանում պահվող անձինք» կապակցությունը։

«Մեր մասով, սա շատ մեղմ խոսույթ է։ Մինչդեռ իրականում այն, ինչ տեղի է  ունենում Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, հեշտությամբ ու գիտական ճշգրտությամբ տեղավորվում է ցեղասպանական կամ դրանց նախապատրաստմանը նպաստող  գործողությունների տրամաբանության մեջ»,-նշեց Գեղամյանը։

Թյուրքագետը  իրականությունից հեռու  որակեց «ղարաբաղյան հարցը փակելուց հետո» հայերի նկատմամբ թշնամանքի բացակայության մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, ընդհակառակը 2020-ից հետո Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցրել հակահայկական ռազմականացված քաղաքականությունը, այլև դրանց կիրառումը մեծացել է։

«Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել, ինչպես նաև հնարավոր չէ չնկատել, որ դրանց ծավալը մեծացել է, դա արձանագրված է մի շարք իրավապաշտպան զեկույցներում, մի շարք ցեղասպանագետների կողմից»,-ընդգծեց Գեղամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան