Վահան Շահբազյանի և 7 երկրից հայ արվեստագետների աշխատանքներ ցուցադրվում են Էստոնիայի ազգային թանգարանում
Մշակույթ
10:55 23/04/2026
Հայաստան

Վահան Շահբազյանի և 7 երկրից հայ արվեստագետների աշխատանքներ ցուցադրվում են Էստոնիայի ազգային թանգարանում

Տարտու քաղաքի Էստոնիայի ազգային թանգարանում բացվել է «Զուգահեռներ. Ժամանակակից հայկական արվեստ» խորագրով ցուցահանդես։ Նախագծի շրջանակում մեկ հարթակում այցելուներին ներկայացվում են տարբեր երկրներում ստեղծագործող հայ արվեստագետների աշխատանքները, որոնք բացահայտում են հայկական ժամանակակից արվեստն իր բոլոր դրսևորումներով։

Ցուցահանդեսում ընդգրկված են աշխարհի յոթ երկրներից 25 հայ նկարիչներ։ Նախագծի հեղինակն է  Լյուդմիլա Մեսրոպյանը։ 

«Այս ոչ առևտրային նախագծի գաղափարը ծնվել է 2021 թվականին։ Նախագծի ամբողջ թիմի ջանասիրության և գործին նվիրվածության շնորհիվ մենք հասել ենք այն պահին, երբ կարող ենք պաշտոնապես կիսվել այս հրաշալի լուրով․ նախագծի առաջին ցուցահանդեսը կներկայացվի 2026 թվականի մարտի 7-ին՝ Էստոնիայի ազգային թանգարանում»,- ասել էր Լյուդմիլա Մեսրոպյանը։ 

Նախագիծը, որի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ հինգ տարի, իրականացվել է Վանաձորի պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս, նախագծի համադրող Վահան Շահբազյանի ակտիվ մասնակցությամբ։

Panorama.am-ի հետ զրույցում Վահան Շահբազյանը նախ պատմեց, որ 2019 թվականին հրավեր էր ստացել և իր աշխատանքներն առաջին անգամ ներկայացվել էին Էստոնիայում՝ «Տերևաթափի երաժշտություն» արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում, Էստոնիայի ազգային թանգարանում, ինչը դարձել էր  կարևոր քայլ նրա ստեղծագործական ճանապարհին. «Այդ փառատոնին առաջին անգամ հրավիրեցին հայ նկարչի։ Նախագծի հեղինակն ու կազմակերպիչն էր  Լյուդմիլա Մեսրոպյանը։ Սիրով ընդունեցի հրավերը։  Իսկ 2024 թ. մարտի 9-ին նույն թանգարանում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսը։ Կրկին առաջին անգամ էր, որ հայ նկարչի անհատական ցուցահանդես է բացվել այդ թանգարանում»։

Վահան Շահբազյանը ցուցահանդեսում ներկայացրել է  երկու աշխատանք՝ «Լուսաբացը վարդագույն քաղաքում», «Էպիզոդներ Երևանի հրապարակից»։

«Նկարչի համար կարևոր է ցուցադրվել տարբեր հարթակներում, ներկայացնել աշխատանքները տարբեր ազգերին։ Կարևոր է, որ քո ձայնը կարողանում ես հասցնել տարբեր շրջանակներին»,- ասաց նկարիչը։

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։ 

Նկարիչը ծնվել է  Վանաձոր քաղաքում։ Ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետը՝ «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը։ Աշխատում է Գ. Իգիտյանի անվան Ազգային Գեղագիտական Կենտրոնում, որտեղ երեխաներին ուսուցանում է նկարչություն, գծանկար և կոմպոզիցիա։ 2017 թվականից դասավանդում է կերպարվեստ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Համալսարանում։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Վահան Շահբազյանը դարձել է հայկական արվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը՝ մասնակցելով ցուցահանդեսների և նախագծերի Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ 

Ժամանակի ընթացքում նկարիչը դիմում է ժամանակակից իմպրեսիոնիզմին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր ժամանակաշրջանների պատմական ճարտարապետական կառույցներին՝ դրանց մեջ բացահայտելով անցյալի և ապագայի միջև կապի արտացոլումը։ 

«Իմ յուրաքանչյուր աշխատանքը անցյալի և ապագայի երկխոսություն է, որը շարունակվում է դիտողի սրտում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահան Շահբազյանի և 7 երկրից հայ արվեստագետների աշխատանքներ ցուցադրվում են Էստոնիայի ազգային թանգարանում