Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հասարակություն
15:38 24/04/2026
Հայաստան

Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ պատարագիչն է եղել Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Իր քարոզում Հայրը Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշել է. «Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը մեզ համար վշտի թանգարան չէ՝ ամեն տարի հավաքվելու, հիշելու և այդպես մոռանալու։ Նրանք պարզապես պատմության մեջ զոհեր չեղան, նրանք վկաներ են։ Այսօր նահատակ սրբերի հիշատակով մենք կանգնած չենք մահվան լռության առջև, այլ կանգնած ենք հավատքի վկայության առջև, որվհետև նրանք ընտրեցին հավատքը»։

Հայր Գարեգինն ընդգծել է, որ նահատակների կյանքի մեջ բացահայտվեց հավատքը, որը հնարավոր չէր որևէ կերպ մարել, բացահայտվեց սերը, որը որևէ կերպ չվերածվեց ատելության, բացահայտվեց հույսը, որը ոչ մի կայսրություն չկարողացավ ջնջել։

«Մեր նահատակները չեն իմացել՝ ինչ է լինելու եկեղեցու ապագան, չեն իմացել, որ այսօր վերապրած սերունդներ են ունենալու, վերակառուցված եկեղեցիներ են ունենալու, եկեղեցին զարգանալու է, հավատքի մեջ զորանալու է, չեն իմացել, բայց նրանք, մահվան դռան առջև, ընդունել են Քրիստոսի այն խոսքը, որ Ես եմ կյանքը։ Այո՛, Քրիստոս է իրական կյանքը և Քրիստոսի մեջ է իրական կյանքը։ Ու այդ վստահությամբ է, որ նրանք ընդունեցին նահատակության պսակը», - ասել է պատարագիչ Հայր Սուրբը՝ հավելելով, որ սուրբ նահատակների առաքելությունը մեզ զորացնելն է մեր քրիստոնեական կյանքի ու հավատքի մեջ։

Վերջում Գարեգին վարդապետը մաղթել է, որ տառապանքի և նահատակության ճանապարհով անցած սրբերի օրինակը հավատավոր հայորդիների կյանքում դառնա իրական վկայություն, որպեսզի երբեք չվհատվեն և չհուսահատվեն, այլ ընդունելով Քրիստոսի հավատքը՝ Նրան միշտ փառք և երկրպագություն մատուցեն։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայոց Ցեղաuպանnւթյան սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում