Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ
Քաղաքական
15:54 24/04/2026
Տարածաշրջան

Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ թույլտվություն չի ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղաղ ակցիա անցկացնելու Թուրքիայի դեսպանատան մոտ: «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության փոխանցմամբ՝ համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը փոխանցել է, որ սահմանված ժամկետներում գրավոր դիմում են հղել Թբիլիսիի քաղաքապետարան և ներքին գործերի նախարարություն, սակայն տվյալ վայրում ակցիան անցկացնելու մերժում են ստացել:

Ըստ Բաղդասարյանի, պատասխանում ասված է, որ համաձայն հավաքների և ցույցերի մասին Վրաստանի օրենքի՝ ներքին գործերի նախարարությունը պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և ակցիաների վայրերում ապրող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների միջև: Այդ անձանց գործունեության շարունակումը չպետք է սահմանափակվի:

ՆԳՆ-ն նաև պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և հանրային անվտանգության, կարգուկանոնի, տրանսպորտի և քաղաքացիների ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև, նշված է պատասխանում:

«Հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, մենք չենք դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում: Այդ իսկ պատճառով մենք ոչինչ անցկացնել չենք պատրաստվում», - ասել է Բաղդասարյանը:

Համայնքը նաև հայտարարել է, որ «այդ գործելակերպը չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին և սասանում է պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը»:

Համայնքն ընդգծել է որ իրենց նպատակն էր «պատմական հիշողությունը պահպանելուն, ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուն և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելուն ուղղված խաղաղ ցույցի անցկացումը»:

Ավելի վաղ ՆԳՆ-ը բավարարել էր Վրաստանի հայ համայնքի ապրիլի 6-ի դիմումը և թույլատրել երթը մետրոպոլիտենի «Իսանի» կայարանից մինչև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի հայ համայնքին չեն թույլատրել ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ