Մոմ և թուղթ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկներից
Հասարակություն
11:30 25/04/2026
Հայաստան

Մոմ և թուղթ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկներից

Մինչ 2010թ․-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհած և մի քանի օր անց արդեն չորացած ծաղիկներն այրվում էին աղբանոցում։ Սա իհակե, բնապահպանական առումով անթույլատրելի է, քանի որ բավականին արտանետումներ են լինում մթնոլորտ։  Իսկ ահա 2010 թվականից սկաուտները  կամավորական սկզբունքով սկսեցին մասնակցել ծաղկահավաքի աշխատանքներին։ Սկաուտ, «Արալեզ» ՀԿ ծրագրերի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը Panorama.am-ին պատմեց, որ  2013-14 թ․-ից արդեն  աշխատանքները փոխանցվել են  սկաուտների խմբի  ղեկավար Սարօ Թաթյոսին, որը նաև ղեկավարում է «ԱՐԱԼԵԶ» ՀԿ-ը։ Սյուզաննա Պետրոսյանի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 26-ին կամ 27-ին իրականացվում է ծաղկահավաքի աշխատանքները։

Նրա փոխանցմամբ՝ այդ օրը հազարավոր կամավորներ են միանում գործընթացին, ինչը խրախուսելի է։

«Մոտ 3000-ից ավելի կամավոր է մասնակցում ծաղկահավաքին։ Ակտիվ են նաև դեսպանները, հիմնականում Գերմանիայի դեսպանն է ակտիվ  մասնակցում։ Ծաղիկները հիմնականում վերամշակվում են, կարելի է ասել՝ 99 %-ը վերամշակվում է, իսկ մնացած 1 %-ը, որոնք չեն վերամշակվում՝ պոլիէթիլենային տոպրակներն են, ռեզինները, կպչուն ժապավենները և այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի խոսքով՝ ծաղկաթերթիկները վերամշակելուց հետո ստանում են թուղթ և մոմ։

«Բառիս բուն իմաստով՝ դրանք դառնում են ցեղասպանությունը պատմող դեսպաններ, քանի որ այդ թղթերի վրա մենք անգլերեն լեզվով գրում ենք ցեղասպանության մասին։ Ընդգծեմ, որ այս ամենն իրականացվում է ամբողջովին կամավոր սկզբունքով։  Դրանք Հայաստանից դուրս տարբեր վայրեր են գնում,հայկական գաղութներ, ներքին միջոցով՝ ոչ պաշտոնական։Միակ տարին, որ չի իրականացվել ծաղկահավաքը՝ 2020թ․-ին էր։  Ինձ համար շատ տպավորիչ էր, երբ ծաղկաթերթիկներից պատրաստված մոմը ուղարկվել էր Լեհաստան,որտեղ հենց Ցեղասպանության խաչքարի մոտ վառել էին և լուսանկարն ուղարկել։ Այս դեպքը ոգևորեց մեզ և համոզվեցինք, որ  գործն անպայման պետք է շարունակել»,- պատմեց Պետրոսյանը։

 Այժմ միջոցառումների ցանկն ընդլայնվել է, անցկացվում են նաև վերամշակման վարպետաց դասեր։

«Ապրիլի 26-ին ծաղկահավաքի գեղեցիկ միջոցառմամբ տրվում է հաջորդող ծրագրերի մեկնարկը։ Հաջորդիվ իրականացնում ենք ծաղկաթերթիկներով վարպետաց դասեր։ Անվտանգությունից ելնելով մոմի վարպետաց դասեր գրեթե չեն արվում կամ միայն մեծահասակների հետ ,իսկ թղթի վերամշակման վարպետաց դասերն անցկացնում ենք կենտրոնում՝ տարբեր դպրոցներից աշակերտներ են գալիս, մենք ինքներս էլ գնում ենք Երևանի սահմաններից դուրս և կազմակերպում դասերը։ Վերջին վերամշակման դասն ապրիլի 11-ին Ցեղասպանության թանգարանում կազմակերպվեց, որին մասնակցեցին աշխակերտներ»,- նշեց Պետրոսյանը։

Հավելենք,որ այս տարի ծաղկահավաքի միջոցառումը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 10։00-ին, նախաձեռնողները կսպասեն կամավորներին։  

Լուսանկարները՝ Սյուզաննա Պետրոսյանի

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոմ և թուղթ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկներից