Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Եվրոպայում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում: Շրջագայությունն ընդգրկում է Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահները:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նվագախմբի հետ հանդես կգան մեր ժամանակների մեծագույն ջութակահար Օգյուստեն Դյումեյը, հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոն, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):
Համերգային երկացանկում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից: Համերգային շրջագայությունը յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին:
