Ինչո՞ւ է ռուսական կողմը կասեցրել «Ջերմուկ»-ի վաճառքը, կա՞ քաղաքական տարր. Բաբկեն Պիպոյանի պարզաբանումը
Տնտեսություն
16:24 28/04/2026
Հայաստան

Ինչո՞ւ է ռուսական կողմը կասեցրել «Ջերմուկ»-ի վաճառքը, կա՞ քաղաքական տարր. Բաբկեն Պիպոյանի պարզաբանումը

Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ Մակնշման «Честный знак» պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի (Հայաստան) խմբաքանակի վաճառքը առցանց և ոչ առցանց խանութներում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։

«Այստեղ որոշակի քաղաքական էլեմենտներ կան, բայց դրանք այն էլեմենտները չեն, որոնք քննարկվում են հայ հանրության շրջանում»,-անդրադառնալով խնդրի պատճառներին՝  Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա մանրամասնեց, որ ՌԴ լիազոր մարմինը կասեցմամբ կիրառել է նախազգուշավորության սկզբունքը, մինչև ստուգումներն ավարտի։

«Եթե պարզվի, որ վտանգավոր ինչ-որ բան է հայտնաբերվել, ապրանքը հետ կկանչվի, կոչնչացվի, եթե չի հայտնաբերվի, թույլ կտան տվյալ խմբաքանակաների վաճառք։ Այստեղ ո՞րն է քաղաքական տարրը, որ աղմուկը շատ է։ Նաև այն, որ երկու երկրների լիազոր պետական մարմինները չունեն միմյանց հետ հաղորդակցվելու նորմալ հարթություն, դա վերևի՞ց է գալիս, թե՞ ներքևները չեն կարողանում միմյանց հետ աշխատել, արդեն հարցի մյուս կողմն է։ Վստահաբար ասում եմ, սա այն հարցը չէ, որ պետք է նստել ու սպասել, թե երբ է ռուսական կողմը գրություն ուղարկելու։ Ռուսական կողմը մինչև պաշտոնապես ստուգումը չավարտի, որևէ գրություն չի տալու, չի բացառվում, մի քանի օր անց պարզվի՝ ոչ մի խնդիր էլ չկա ու թույլ տան ապրանքը կրկին վաճառել, ինչպես ասացի, նախազգուշավորության սկզբունք են կիրառել»,-ասաց ՀԿ նախագահը՝ արձագանքելով նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հայտարարեց, որ իրենք ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել։

Ըստ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետի, հայկական կողմից լիազոր մարմնի ներկայացուցիչը պետք է կապ հաստատեր ռուսական կողմի հետ ու հետաքրքրվեր, թե ի՞նչ են գտել ջերմուկի մեջ, ինչո՞ւ են կասեցրել վաճառքը, կարո՞ղ է մենք էլ մեր մոտ ստուգենք։

«Պետք չէ նստել ու սպասել ռուսական կողմի արձագանքին, գուցե հայտնաբերվում է մի բան, որը մենք չենք ստուգել, հիմա մենք էլ ենք դա սպառում։ Ազգային բրենդի պաշտպանությունը դրա մասին կենաց ասելը չէ, ինչպե՞ս կարելի է ազգային բրենդի մասին վատ բաներ ասել։ Ազգային բրենդի պաշտպանությամբ կոնկրետ զբաղվում են։ Զանգում են, ասում են, եղբայր, մենք այս բրենդի վրա վստահ ենք, կասե՞ք, ինչ եք հայտնաբերել, մենք էլ ստուգենք։ Մինչդեռ լիազոր մարմինն այսօր հայտարարում է, մենք ռուսական կողմից տեղեկատվություն չենք ստացել, բայց պետք է ստանայի՞ք։ Ստացվում է, հերթական անգամ հանրային իրազեկում է  տեղի ունեցել ոչնչի մասին»,-անելիքները պատկերավոր նկարագրեց Պիպոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder