«Պետք է փորձենք սխալների վրա ավելի ուժեղանանք». բրոնզե մեդալակիր ըմբիշները գոհ չեն իրենց արդյունքներից
Սպորտ
17:00 29/04/2026
Հայաստան

«Պետք է փորձենք սխալների վրա ավելի ուժեղանանք». բրոնզե մեդալակիր ըմբիշները գոհ չեն իրենց արդյունքներից

«Եվրոպայի առաջնությունում թիմի ելույթը գնահատում եմ բավարար»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ են նվաճել Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մանվել Խնձրցյանը։

Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի դեպքում կարող էին ունենալ բարձր մեդալներ՝ ընդհուպ մինչև ոսկե մեդալներ։

«Երևի կա թերություն, աշխատանք, աշխատանքի տեղ։ Մինչև աշխարհի առաջնություն տեխնիկական թերությունները շտկելու ժամանակ ունենք»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Ըստ մարզչի, ըմբշամարտն այնպիսի մարզաձև է, որ մրցավարական կատարյալ կանոններ, օրենքներ չկան, միշտ սուբյեկտիվ որոշում կայացնելու տեղ է լինում։ 

Մանվել Խնձրցյանը  նշեց, որ ինչպես ցանկացած մրցաշար, Եվրոպայի առաջնությունն էլ իր դժվարություններ ունի։ 

«Վերջին երկու տարում չէր ստացվում մեդալ նվաճել, այս տարի  որոշ դադարից հետո կարողացա մեդալով վերադառնալ։ Բայց արդյունքից գոհ չեմ։ Միշտ էլ փորձել եմ գնալ ոսկու համար պայքարի, ուղղակի ստացվել է այն, ինչ ստացվել է։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի ցանկացած մեդալ վերջնարդյունքում վերածվի ոսկու»,- ասաց Խնձրցյանը։ 

Վազգեն Թևանյան էլ ասաց, որ գոհ չէ իր արդյունքից, կարող էր ոսկե մեդալ նվաճել։

«Հավաքականի տղաները շատ մեծ ուժ ունեն, ավելի շատ մեդալներ կարող էինք ունենալ։ Պետք է հավատանք մեր ուժերին, ավելի լավ պատրաստվենք հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- նշեց նա։ 

Արսեն Հարությունյանը նշեց, որ իր մեդալից ու ելույթներից գոհ չէ. «Ես շատ սխալներ թույլ տվեցի մրցաշարի ժականակ։ Ամիսներ շարունակ մարզվել եմ մի նպատակ ունենալով՝ Եվրոպայի առաջնությունում հաղթել Ռուսաստանը ներկայացնող ըմբիշին։ Դա ամենամեծ սխալներից մեկն էր, որ պատրաստվում էի ինչ-որ մեկի դեմ, իմ ելույթների ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ հենց տվյալ ելույթի վրա։ Ես մտքով արդեն կիսաեզրափակչում էի, ռուս ըմբիշի հետ էի մենամարտում։ Ամսիներ շարունակ այնպիսի աշխատանք եմ կատարել, որ հիմա նայում եմ հետ, ափսոսում եմ, որ օր ու գիշեր աշխատել եմ, փոքր սխալի պատճառով զրկվել եմ ոսկուց։

Այդ քաշային կարգում ռուս ըմբիշը միակ մարզիկն էր, ով հաղթել ինձ նախորդ մրցաշարերում։

Պետք  է փորձենք սխալների վրա ավելի ուժեղանանք, պատրաստ լինենք մյուս մրցաշարերին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Պետք է փորձենք սխալների վրա ավելի ուժեղանանք». բրոնզե մեդալակիր ըմբիշները գոհ չեն իրենց արդյունքներից