Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առնվազն 1,551 միլիարդ դրամ ենք մենք բոլորս վճարել՝ շուրջ 10 տարի առաջ մեր պետության վերցրած և մինչև օրս չօգտագործած վարկի համար. Axioma
«Առնվազն 1,551 միլիարդ դրամ ենք մենք բոլորս վճարել՝ շուրջ 10 տարի առաջ մեր պետության վերցրած և մինչև օրս չօգտագործած վարկի համար: Այստեղ նույնիսկ հաշվարկված չէ վերջին 3 տարիների պարտավորավճարը: Հայաստանի կառավարությունը 2015 թվականին գերմանական KFW բանկից 3 վարկ է վերցրել. ավելի քան 168 միլիոն եվրո՝ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի և ենթակայանի կառուցման համար: 10 տարուց ավելի է՝ ոչ կառուցում ենք, ոչ հրաժարվում վարկից։ Փոխարենը՝ մենք բոլորս վճարում ենք վարկը չօգտագործելու համար»։ Այս տվյալները վերցված են Axioma-ից։
Հրապարակման հեղինակը նշում է՝ այս տարի 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված պետական բյուջեով՝ հաղորդիչ գծի և ենթակայանի կառուցման նախագիծը սկսելու համար:
«Իհարկե, հենց նման ծրագրերի շնորհիվ է տնտեսությունը զարգանում: Սակայն անցած երկու տարիներին համանման ծախսը հետագայում զրոյացվել է: Ի՞նչ կլինի այս տարի՝ պարզ կլինի ավելի ուշ: Ի դեպ, 2017-ին նախ դադարեցվել, ապա 2 տարի անց վերաակտիվացվել են ծրագրի որոշ բաղադրիչներ: Ամեն դեպքում, վերջին 7 տարվա ընթացքում ոչ տեսանելի արդյունք, ոչ պատասխան տվող կառույց չի եղել:
Հիմա եթե գիծն ու ենթակայանը պատրաստ լինեին, կարող էինք մեծ հզորություններով էլեկտրաէներգիա արտադրել ու արտահանել Եվրոպա: Բայց փոխարենը մենք բոլորս վճարում ենք ոչ արդյունավետ կառավարման համար: Եկեք տեսնենք ինչ կարելի էր անել այս անիմաստ ծախսված 1,5 միլիարդ դրամով. կարելի էր տարեցների տուն, մանկապարտեզ կամ դպրոց կառուցել: Բայց չէ. Հայաստանը վարկ է վերցրել, չի օգտագործել և պարտավորավճար է տվել»,-նշում է հեղինակը։