Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վիզա կենտրոնն առաջնորդվում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան սահմանած պահանջներով. Թի Էլ Էս-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
«Թի Էլ Էս կոնտակտ էյ էմ» ընկերությունն արձագանքել է Panorama.am-ի՝ «Վիզաների «իտալական մաֆիա՞». Տուրիստական ընկերությունները լուրջ խնդիրների են բախվում» վերնագրով հրապարակմանը՝ նշելով, որ վերնագրում ու նյութում առկա որոշ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ունեն վիրավորական բնույթ ու արատավորում են ընկերության գործարար համբավը։
Նշենք, որ «Թի Էլ Էս կոնտակտ էյ էմ» ՍՊԸ-ն Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից արտապատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վիզաների համար ժամադրությունների տրամադրում, դիմումների փաթեթների ընդունում, վիզայի վճարի հավաքագրում, անձնագրերի ընդունում, վերադարձ ու այլ վարչական գործառույթներ։
Panorama.am-ի հետ զրույցում «Any wish tour» տուրիստական ընկերության տնօրեն Ալինա Պետրոսյանն ավելի վաղ ներկայացրել էր այն խնդիրները, որոնց բախվում են թե՛ տուրիստական ընկերությունները, թե՛ քաղաքացիները վիզայի կենտրոն դիմելիս, ինչպես նաև ներկայացրել էր իր ու գործընկերների կասկածները։
Արձագանքելով նյութում բարձրացրած խնդիրներին ու հնչած կարծիքներին՝ «Թի Էլ Էս կոնտակտ էյ էմ» ընկերությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ժամադրություններ ամրագրելն ունի նաև տեխնիկական պահանջներ, մասնավորապես խմբային ամրագրումները, ընտանիքի անդամների ամրագրումներն ունեն առանձնահատկություններ, որոնց մասին մասնամասները հրապարակված են վիզա կենտրոնի կայքում:
«Միաժամանակ, պետք է նշել, որ ժամադրության տեղերը սահմանափակ են, իսկ ժամադրություն վերցնելու ցանկություն ունեցող անձանց թիվը մեծաքանակ։ Ինչ վերաբերում է ժամադրությունների ամրագրմանը ներկայացվող պահանջներին, որոնց մասին նշվում է Հոդվածում, հարկ ենք համարում նշել դրանք Հայաստանում Իտալիայի դեսպանատան պահանջներն են, այլ ոչ թե Ընկերության կողմից սահմանված կանոններ: Ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Դեսպանատան կողմից սահմանված պահանջներով և երկկողմանի համաձայնեցված կարգերով։ Հետևաբար, վիզաների տրամադրման կարգի, պայմանների և ընթացակարգերի հետ կապված բոլոր գործողությունները բխում են նշված պահանջներից և կարգերից և չեն կարող պայմանավորված լինել Ընկերության կամայական որոշումներով կամ շահադիտական նպատակներով»,-նշեցին ընկերությունից։