«Փաստ». «Սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է
Օրվա մամուլ
08:33 30/04/2026
Հայաստան

«Փաստ». «Սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է

«Փաստ» թերթը գրում է.

«Որոշ քաղաքական միավորներ, հիմնականում՝ ՔՊ-ի սատելիտներ, հայտարարում են, թե առաջիկա ԱԺ ընտրություններում պիտի... ընդդիմափոխություն արվի: Հասկանալի է, թե ինչ նկատի ունեն. ուզում են, որ այսօրվա ընդդիմության փոխարեն իրենք լինեն ընդդիմություն:

Բայց նրանց ասածի մեջ մի քանի տարօրինակություն կա: Ամբողջ աշխարհում այս կամ այն քաղաքական ուժը մտնում է ընտրապայքարի մեջ, որպեսզի հասնի իշխանափոխության և դառնա իշխանություն: Իսկ ՔՊ-ի սատելիտները, փաստորեն, առավելագույնը ձգտում են... դառնալ ընդդիմություն: Բայց սա էլ իր հերթին է հետաքրքիր: Եթե փաշինյանական իշխանությանը ինչ-որ հրաշքով կամ ընտրակեղծիքներով հաջողվի վերարտադրվել, ապա հիշյալ ուժերը էլի ընդդիմադիր չեն դառնա, քանի որ «էն գլխից» նիկոլական են: Մյուս կողմից՝ եթե այդ սատելիտային միավորներն ուզում են ընդդիմություն լինել, ապա նշանակում է՝ իրենք ընդունում են, որ այսօրվա ընդդիմությունն է իշխանություն ձևավորելու, իսկ իրենք էլ ավելի մեծ հրաշքով (այս դեպքում նույնիսկ հրաշքն է անհավանական) անցնելու են խորհրդարան ու ՔՊ-ի հետ դառնալու են ընդդիմադիր փոքրամասնություն:

Բայց, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա այսօրվա հիմնական ընդդիմադիր ուժերն են ամենից շատ ցանկանում «ընդդիմափոխություն անել», որն արտահայտվելու է քվեների համախառն մեծամասնություն ստանալու և իշխանություն ձևավորելու տեսքով: Այդ պարագայում ենթադրելի է, որ այսօրվա իշխանություն ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն: Իսկ վերոնշյալ «սատելիտները» չեն անցնելու հաջորդ ԱԺ ու, լավագույն դեպքում, կլինեն արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում:

Ստացվում է, որ նրանք, «ընդդիմափոխություն» ասելով, նկատի ունեն հենց այն, որ այսօրվա ընդդիմությունը կդառնա իշխանություն, իսկ իշխանությունը՝ հակառակը: Փաստորեն, այդ «սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է: Ու այդ տեսանկյունից, գիտեք, նրանք գուցե և իրավացի են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». «Սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է