Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ՝ Արցախում հայերի իրավունքները սատարող բանաձևից հետո
Քաղաքական
14:48 01/05/2026
Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ՝ Արցախում հայերի իրավունքները սատարող բանաձևից հետո

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում՝ ապրիլի 30-ին «Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը աջակցելու մասին» բանաձևի ընդունումից հետո։ Համապատասխան բանաձևն ընդունվել է Ադրբեջանի խորհրդարանի կողմից այսօրվա նիստում։

«Կասեցնել Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում», - նշվում է բանաձևում։

Որոշում է կայացվել նաև դադարեցնել խորհրդարանի մասնակցությունը Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը և սկսել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի օրենսդիր մարմնի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգը։

Միլի մեջլիսի բանաձևում նշվում է, որ «Եվրախորհրդարանի ապակառուցողական դիրքորոշումը դարձել է այս կառույցի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հիմնական խոչընդոտը»։ Միլի մեջլիսը նաև մեղադրել է Եվրախորհրդարանին տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին հակառակվելու մեջ։

«Այս ամենը Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը դարձնում է անիմաստ», - նշվում է բանաձևում։

Հիշեցնենք, որ Բաքվում Եվրամիության (ԵՄ) դեսպան Մարիանա Կույունջիչին այսօր կանչվել էին Ադրբեջանի ԱԳՆ և նրան բողոքի նոտա ներկայացր ել Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 30-ին ընդունված բանաձևի կապակցությամբ։ 

Նշենք՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից նախօրեին հայտնել էին, որ բանաձն անդրադառնում է  արդարության և անվտանգության այն առանցքային դրույթներին, որոնք էական են տարածաշրջանում կայուն խաղաղության համար․

  • Արդարություն և պատասխանատվություն հայ գերիների հարցում Եվրոպական Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։
  • Արցախահայության իրավունքներ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder