Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները. Ահազանգ
Իրավունք
12:55 01/05/2026
Հայաստան

Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները. Ահազանգ

«Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները՝ առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում»,-ահազանգում է  գուլպաների արտադրությամբ զբաղվող Շուշան Մկրտչյանը։

Նրա խոսքով, սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր ալիք, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին, չեմ ասում ճնշված հարկային պայմանները։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները։ Այս դեպքում անգամ պետական մակարդակով պարզաբանումը, հայտարարությունը նույնպես աջակցություն է»,-նշում է արտադրողը։

Panorama.am-ի հետ զրույցում Շուշան Մկրտչյանն ասաց, որ վաճառքի դադարեցումը վերաբերում է Հայաստանում գրանցված ԱՁ-ներին ու ՍՊԸ-ներին։

«Հայաստանից բոլոր վաճառողների ապրանքները երեկվանից չեն երևում մարքեթփլեյսում։ Բոլորը խուճապի մեջ են, աջակցության բաժինը չի պատասխանում, ոչ մի հայտարարություն չկա»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ իրենց «Վայլդբերիսի կողմից որևէ զգուշացում, հիմնավորում կամ տեղեկատվություն չի տրամադրվել։

Ավելի ուշ նա հատնեց, որ հայաստանյան ընկերությունների ապրանքների վաճառքը արգելվել է նաև Ozon-ում։

Panorama.am-ը էլ փոստով դիմել է Wildberries Հայաստանի մամուլի ծառայությանը՝ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վայլդբերիսն անժամկետ դադարեցրեց Հայաստանից վաճառքները. Ահազանգ