Միասնական ժամերգություն՝ Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
Հասարակություն
08:51 02/05/2026
Հայաստան

Միասնական ժամերգություն՝ Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում

Մայիսի 1-ին Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կատարվել է Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, որտեղ համախմբվել էին թեմի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատացյալներ։

Ժամերգությանը մեկտեղված ժողովուրդն ու հոգևորականները միասին աղոթել են անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքն է փոխանցել Աշտարակ քաղաքի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադարձավ առաջիկա Երևման Սուրբ Խաչի տոնին և խաչի խորհրդին, նշելով. «Խաչը Աստծո ներկայությունն է բոլորի կյանքում: Խաչը ոչ միայն տառապանք է, այլև՝ սեր և փրկություն:
Իրական քրիստոնյան, ապավինած խաչին ու Տիրոջ զորությանը, մի կողմից կարողանում է հաղթահարել աշխարհի դժվարությունները, բայց մյուս կողմից չի կորցնում իր Աստվածային կերպարը: Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը…»:

Արագածոտնի թեմից հայտնում են, որ մՄիասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միասնական ժամերգություն՝ Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում