Արթիկ խոշորացված համայնքում 7000 մարդ գործ չունի, Հայաստանից գնում են․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:53 04/05/2026
Հայաստան

Արթիկ խոշորացված համայնքում 7000 մարդ գործ չունի, Հայաստանից գնում են․ Նարեկ Կարապետյան

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։ Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:

«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:

Նա նշեց, որ գործազրուկությունը Հայաստանում համատարած բնույթ է կրում։

«Ինչո՞ւ չկա աշխատանք Հայաստանում։ Ո՞վ պետք է ստեղծի այդ աշխատանքը։ Եկեք նայենք, թե ովքեր են մեզ կառավարում, կարո՞ղ են իրենք աշխատանք ստեղծել, թե՝ ոչ։ Մեր երկրի ղեկավարը, մինչև երկրի ղեկավար դառնալն, ունեցել է տասն աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է։ Նա չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծի, իր թիմի մեջ լավ միջավայր ստեղծի,ինչպե՞ս է 100 000-ավոր հայերի աշխատանքով ապահովելու։ Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանին առաջնորդելու։ Այդ մարդը մեր պես, ձեր պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել։ Հիշել է իր հայրենի համայնքը, իր հայրենիքը և  հաջողության հասնելուց հետո՝ ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Արթիկից բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք Հայաստանից դուրս բազմաթիվ հաջողությունների են հասել և ցանկանում են վերադառնալ։

«Կարող եմ վստահ ասել՝ բոլորի հետ Հայաստանից դուրս շփվել եմ, բոլորն էլ կարոտով են, բայց չեն կարողանում  գալ այստեղ, որովհետև այստեղ աշխատանք չկա,գան՝ ի՞նչ անեն»,- նշեց քաղաքական գործիչը։

Անդրադառնալով առաջարկվող ծրագրին Կարապետյանը մանրամասնեց, որ Հայաստանի բոլոր համայնքների համար լինելու է զարգացման ծրագիր։

«Մի համայնքը զբաղվելու է նավթի վերամշակմամբ, մի համայնքը զբաղվելու պղնձի վերամշակմամբ,Արթիկը, որպես հայկական շինանյութի կենտրոն, տուֆից բռնած բոլոր շինանյութերի արտադրությամբ։ Մենք տարեկան ներմուծում ենք 500 միլիոն դոլարի շինանյութ, կերամիկա, որի կավը այստեղ կա։  Իշխանության փոփոխությունից հետո մեկ տարվա ընթացքում ծրագիր է առաջարկվելու, Արթիկի համար առանձին ծրագիր, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան և աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը»,- ասաց Կարապետյանը՝ շարունակելով․

«Կյանքը փոխվում է, երբ կա աշխատատեղ։ Արթիկը խոշորացված համայնքում 7000 մարդ գործ չունի այս պահին ու  գնում է Հայաստանից դուրս։ Ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթիկ խոշորացված համայնքում 7000 մարդ գործ չունի, Հայաստանից գնում են․ Նարեկ Կարապետյան