Ընտրություններում չքվեարկելը կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելը ՔՊ-ի օգտին է. Կյուրեղյան
Քաղաքական
13:30 05/05/2026
Հայաստան

Ընտրություններում չքվեարկելը կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելը ՔՊ-ի օգտին է. Կյուրեղյան

«Ենթադրենք ՔՊ-ն ունի 300 հազար պոտենցիալ ընտրող, և առաջիկան ընտրությանը մասնակցում է 1 մլն 200 հազար ընտրող և քվեարկածից վավեր է 1 մլն քվաթերթիկ, իսկ 200 հազար ընտրողն անվավեր սարքեց իր քվեաթերթիկը, այդ դեպքում ՔՊ-ն կստանա 30 մանդատ»,-ԱԺ ամբիոնից առաջիկա ընտրություններում քվեարկության ժամանակ անվավեր քվեաթեթիկների վտանգը օրինակով փորձեց բացատրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա բացատրեց, որ եթե ընտրություններին մասնակցում է 1 մլն ընտրող և բոլոր քվեաթերթիկները վավեր են լինում, կրկին ՔՊ-ն ապագա ԱԺ-ում ստանալու է 30 մանդատ։

Կյուրեղյանը շարունակեց մասնակցության և քվեարկության օրինակ բերել՝ ասելով. «Բայց  եթե ընտրություններին մասնակցում է 600 հազար ընտրող՝ ՔՊ-ն իր կայուն ենթադրյալ 300 հազար քվեով ստանում է 50 մանդատ, հետևաբար կարևոր է ոչ միայն մասնակցությունը, այլ դրա դեպքում որևէ քաղաքական ուժի ձայն տալը։ Եթե չենք մասնակցում, կամ ձեր քվեաթրթիկն անվավեր եք անում, ապա  ՔՊ-ն իր նույն ձայների պարագայում 20 մանդատ ավել է ստանում։ Պետք է մասնակցել և ձայնը տալ ընդդիմադիր պետականամետ, ազգային քաղաքական ուժի»։

 Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված ոչ ադեկվատ վարք է ձևավորում, որպեսզի մարդկանց մոտ հիասթափություն և ապատիա առաջացնի և ընտրողներին ներշնչի, որ ընտրություններով բան չի փոխվի, բայց լավ գիտի, որ իր այդ վարքն իր ընտրողի վրա չի ազդի, բոլոր դեպքերում վերջիններս իրեն են ընտրելու։

«Նրանք աշխատում են այդ վարքագծով մյուսների չգնալու կամ գնալու դեպքում՝ ոչ մեկին չընտրելու վարքագծի վրա։ Վերընտրվելն իրենց համար օդի ու ջրի պես է պետք, կյանքի ու մահու խնդիր է, իրենք ինչ-որ բանի դիմաց խոստացել են ինչ-որ բան թուրք-ադրբեջանական տանդեմին և իրենք շատ լավ գիտեն, թե իրենց ինչ է սպասվում այդ խոստումները չկատարելու պարագայում»,-ասաց Կյուրեղյանը՝ հավելելով. «Էդ ինչ էք խոստացել, որ նորից վերընտրվելու խնդրի առաջ եք կանգնել և առաջ քաշել. «Պատերազմ կլինի, եթե չընտրվենք» թեզը։ ՔՊ-ն նոր չի առաջ քաշել «Պատերազմ, թե խաղաղություն» թեզը, այն իրենց ծրագիրն էր ի սկզբանե,  նախ պատերազմ, հետո արդեն պատերազմով վախեցնելով խաղաղություն խոստանալու դիմաց ադրբեջանական պահանջների հերթով, կարգով կատարում»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ՔՊ-ի իշխանությունն արեց ամեն ինչ որպեսզի պատերազմ սկսվի։

Կյուրեղյանի ելույթից անմիջապես հետո ունեցած պատասխան ելույթում ՔՊ-ական պատգամավոր  Վահագն Ալեքսանյանը շտապեց հայտարարել, որ թե ընտրողն քվեաթերթիկն անվավեր չդարձնի «Հայաստան» դաշինքը կմտնի ԱԺ, այն դեպքում երբ Կյուրեղյանը կոչ էր անում ընտրել ընդդիմադիր ցանկացած ուժի, բայց քվեաթերթիկն անվավեր չդարձնել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրություններում չքվեարկելը կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելը ՔՊ-ի օգտին է. Կյուրեղյան