Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդ հոգևորականներին արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները
Հասարակություն
17:50 05/05/2026
Հայաստան

Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդ հոգևորականներին արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունե է մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:

Հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։

Նորին Սրբությունն անդրադարձել է քահանայական կոչմանն ու առաքելությանը՝ կարևորելով եկեղեցականի պատասխանատու և նվիրյալ ծառայությունն ի նպաստ Եկեղեցու պայծառության և Հայրենիքի բարօրության ու առաջընթացի։

Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդ հոգևորականներին իրենց սպասավորության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ և արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները, Հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի հանդեպ անսակարկ սիրով, զոհողության և հանձնառության ոգով բարի օրինակ լինել հավատացյալների համար՝ զորացնելով համայնքային կյանքը և բարձր պահելով Եկեղեցու բարի համբավը։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանա հայրերին և նրանց ընծայել «Մաշտոց» ծիսարաններ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդ հոգևորականներին արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները