Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
Կրթություն, գիտություն
12:53 06/05/2026
Հայաստան

Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար

«Քանի որ առաջիկա օրերին պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը, պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, զգուշացնեմ, չհորդորեմ, այլ ուղղակի զգուշացնեմ ուսումնական հաստատություններում աշխատող մեր բոլոր քաղաքացիներին՝  օրենսդրության որևէ խախտման պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,-  Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ իրենց  կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է:

«Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ:  Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը, որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և յուրաքանչյուր դեպքի, նման ահազանգի պարագայում օրենքն ամբողջ խստությամբ գործելու է։ Օրենսդրական բոլոր կարգավորումները դրված են»,- ասաց Ժ.Անդրեասյանը։

Նա նշեց, որ նախորդող տարիներին փոխել են կրթության ոլորտի բոլոր օրենքները և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսել, թե նման գործունեության պարագայում ինչ պետք է արվի և ինչպես:

«Կարող է լինել աշխատանքից ազատում, չեմ խոսում նաև ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու մասին: Մենք, ըստ անհրաժեշտության, այդ  բոլոր քայլերը ձեռնարկելու ենք ահազանգերի դեպքում»,- ասաց Ա. Անդրեասյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար