Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի վարչապետի օգնական Կարինե Դավոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ վարչապետի օգնական Կարինե Դավոյանի պաշտոնատար անձի 2023–2025 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը՝ ներկայացնելով նրա կենսագրական տվյալները, ունեցվածքը և ֆինանսական շարժը վերջին երեք տարիների ընթացքում։
Կարինե Դավոյանը ՀՀ վարչապետի օգնական է նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։ Նա մասնագիտությամբ լեզվաբան է․ 1978 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, իսկ 1990 թվականին՝ Մոսկվայի Մորիս Թորեզի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետը։
Տարիներ շարունակ զբաղվել է զբոսաշրջության ոլորտով, թարգմանչական աշխատանքներով և միջազգային մեդիայի հետ համագործակցությամբ։ Մինչ պետական համակարգում նշանակվելը աշխատել է «ԱլիքՄեդիա Հայաստան»-ում՝ որպես միջազգային լուրերի թարգմանիչ։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին Կարինե Դավոյանի ֆինանսական վիճակը ներկայացված է հետևյալ կերպ. Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,560,834 դրամ, կանխիկ դրամ՝ չի հայտարարագրվել, կենսաթոշակ՝ 568,800 դրամ, աշխատավարձ՝ 12,151,909 դրամ («Վարչապետի աշխատակազմ»)։ Ընդհանուր եկամուտները գերազանցում են 12 միլիոն դրամը։
2024 թվականի տվյալներով՝ բանկային հաշիվների մնացորդ՝ 1,206,937 դրամ, կանխիկ դրամ՝ չկա, կենսաթոշակ՝ 568,800 դրամ, աշխատավարձ՝ 10,831,634 դրամ։ Ընդհանուր եկամուտ՝ 11,400,434 դրամ։
2023 թվականի հայտարարագրում նշվում է, որ՝ բանկային հաշիվների մնացորդը կազմել է մոտ 1,472,601 դրամ, ընդհանուր եկամուտները՝ շուրջ 9,5 միլիոն դրամ։ Եկամուտների հիմնական աղբյուրը եղել է պետական աշխատավարձը։
Բոլոր հայտարարագրերում նշվում է, որ Կարինե Դավոյանը ունի Երևանում բնակարան, որը ձեռք է բերել ժառանգությամբ՝ 2015 թվականին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել, ինչպես նաև կանխիկ դրամ չի արձանագրվել։
Ուսումնասիրելով երեք տարվա հայտարարագրերը՝ նկատվում է, որ Կարինե Դավոյանի եկամուտների հիմնական աղբյուրը պետական աշխատավարձն է, իսկ բանկային հաշիվներում առկա միջոցները տարիների ընթացքում աստիճանաբար աճել են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։