Վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց
Իրավունք
12:23 07/05/2026
Հայաստան

Վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց

19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ով մեքենան վարել էր՝ գերազանցելով արագությունն ու վթար պատճառ դարձել, որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով տնային կալանքը։  Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչ Վարդան Մարկոսյանը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մայիսի 6-ին 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Դատախազությունից  Panorama.am-ին երեկ հայտնել էին, որ դաատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը)։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց