Եղել են դեպքեր, երբ ՔԿՀ-ն արգելել է գրքի փոխանցումը «քաղաքական բովանդակության» պատճառաբանությամբ. Բագրատ Սրբազանի պաշտպան
Քաղաքական
20:20 08/05/2026
Հայաստան

Եղել են դեպքեր, երբ ՔԿՀ-ն արգելել է գրքի փոխանցումը «քաղաքական բովանդակության» պատճառաբանությամբ. Բագրատ Սրբազանի պաշտպան

«Բագրատ Սրբազանի գործն իր բնույթով ամենախայտառակ գործն է»,- Կարեն Բեքարյանի «Միջազգային մատրիցա» գիքի շնորհանդեսին տեղի ունեցած քննարկմանն ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթև Սողոյանը։
  
Նա նշեց, որ անհեթեթություն է Միքայել Սրբազանի գործը, բայց Բագրատ Սրբազանի գործն աննախադեպ է մի քանի հարթության մեջ.

«Առաջին՝ ներգրավվող անձանց քանակը՝ 18 հոգի։ Հասկանում, որ ամենաներառական քաղաքական ծաղկաքաղն է՝ ցույց տալու իշխանությունների մտադրությունը, որ որևէ մտացածին կարմիր գիծ առկա չէ, եթե իրենք նպատակ ունեն լռեցնելու որևէ քաղաքական ուժ։

Երկու ծանրագույն հանցագործություններ են մեղսագրվում՝ ահաբեկչության նախապատրաստություն և իշխանության զավթում։ Մենք դիմել ենք ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողին՝ խնդրելով պարզաբանել, գնահատական տալ, թե ինչքանով է այս խեղկատակությունը մոտ  ահաբեչության միջազգայնորեն ընդունված չափանիշներին»,- ասաց փաստաբանը։ 

Նշենք, որ Կարեն Բեքարյանը գիրքը նվիրել է՝ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին,  ինչպես նաև Երևանում և Բաքվում պահվող բոլոր այն քաղբանտարկյալներին, գերիներին,  պատանդներին, քաղաքական հալածյալներին, ովքեր պայքարել ու պայքարում են հանուն հոգևոր, անվտանգ, արժանապատիվ, արդար Հայաստանի ու Արցախի ներկայի և ապագայի»։

Տ.Սողոյանը հույս հայտնեց, որ կթույլատրի ՔԿՀ-ն այս գիրքը փոխանցել Բագրատ Սրբազանին. «Չեմ ուզում շատ մանրամասներ ասել, եղել են դեպքեր, որ գրքի առերևույթ քաղաքական բովանդակության պատճառաբանությամբ ՔԿՀ-ն չի թողնում որևէ գրականության մուտքն այնտեղ։

Ցավոք սրտի, ՔԿՀ-ում հոգևոր ծառայությունը ևս ենթարկվել է ցենզուրայի։ ՔԿՀ-ն դադարել է պատարագի մատուցման համար հրավիրել Մայր Աթոռի կողմից ցուցված քահանային, առանձին պայմանագիր է կնքել հայտնի շրջանակների հոգևորականի հետ, այդ պայմաններում Բագրատ Սրբազանը հրաժարավել է պատարագից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղել են դեպքեր, երբ ՔԿՀ-ն արգելել է գրքի փոխանցումը «քաղաքական բովանդակության» պատճառաբանությամբ. Բագրատ Սրբազանի պաշտպան