Ընտրությունների ընթացքում գործելու է նաև թեժ գիծ. «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելություն
Քաղաքական
17:30 08/05/2026
Հայաստան

Ընտրությունների ընթացքում գործելու է նաև թեժ գիծ. «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելություն

Հայաստանում առաջիկա ընտրությունները կարևոր փորձություն են ոչ միայն քաղաքական համակարգի, այլև հանրային վստահության տեսանկյունից։ Ընտրական գործընթացների թափանցիկությունն ու արդարությունը շարունակում են մնալ ժողովրդավարության հիմնասյուներից, և հենց այս համատեքստում առանձնահատուկ դեր է ստանձնում «Արդար քվե» դիտորդական առաքելությունը, որն իրականացնում է Երիտասարդական ակումբների դաշնություն (ԵԱԴ) ՀԿ-ն։

«Արդար քվե» նախաձեռնությունը ոչ միայն վերահսկողական մեխանիզմ է, այլև կրթական հարթակ, որտեղ երիտասարդները ձեռք են բերում գործնական հմտություններ՝ կապված ընտրական իրավունքի, դիտորդական էթիկայի և մեդիագրագիտության հետ, ինչն էլ նպաստում է պատասխանատու և գիտակից քաղաքացի ձևավորելուն,- նշում է Արդար քվե դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։

Առաջիկա ընտրությունների շրջանակում «Արդար քվե» դիտորդական առաքելությունը նախատեսում է ներգրավել հարյուրավոր պատրաստված դիտորդների՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Դիտորդները նախապես անցնում են մասնագիտական վերապատրաստում, ծանոթանում ընտրական օրենսգրքին, ԱԺ ընտրությունների դիտարկման մեթոդաբանությանը և հնարավոր խախտումների արձանագրման ընթացակարգերին։

Առաքելության հիմնական նպատակներն են՝

  • ընտրական գործընթացի թափանցիկության ապահովում,
  • ընտրողների իրավունքների պաշտպանություն,
  • ընտրախախտումների կանխարգելում և արձանագրում,
  • հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում։

Դիտորդների աշխատանքի արդյունքները ներկայացվելու են ամփոփ զեկույցների տեսքով, որոնք հաճախ դառնում են կարևոր վերլուծական նյութ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար։

Ընտրությունների ընթացքում գործելու է նաև թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել ընտրախախտումների, ճնշումների կամ կասկածելի դեպքերի մասին՝
010 588768 հեռախոսահամարով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտրությունների ընթացքում գործելու է նաև թեժ գիծ. «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելություն