Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանն այդ փաստաթուղթը թաքցրել են հանրությունից. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
17:06 11/05/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանն այդ փաստաթուղթը թաքցրել են հանրությունից. Լևոն Զուրաբյան

«Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մենք գործ ունենք մի այնպիսի հրեշավոր խաբեբայի հետ, որը հանուն միայն իրեն հայտնի նպատակների՝ պատրաստ է  մի ամբողջ ազգ ներքաշել  կործանարար պատերազմի մեջ։ Մենք իրեն թույլ չենք տա նույն բանն անել Սյունիքի հետ»,- ասում է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նա տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլին, հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան Նիկոլ Փաշինյանին առաջարկել են խաղաղության մի պլան, որը երանելի մի փաստաթուղթ էր հայկական կողմի համար, քանի որ միջազգայնորեն երաշխավորված խաղաղություն էր հաստատում, և հայկական կողմը  պահպանում էր իր վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի, ինչպես  նաև  Քելբաջարի և Լաչինի շրջանների նկատմամբ։

«Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը թաքցրեցին այդ փաստաթուղթը  հանրությունից։ Իսկ դրանից երկու ամսի հետ մեկնեց  Ստեփանակերտ և ողջ աշխարհին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»»,- նշում է Զուրաբյանը։

Նա հիշեցնում է, որ Մինսկի խումբը մի մեխանիզմ էր, որը ստեղծվել էր բանակցությունների միջոցով Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ զսպելու համար։

«Ոչնչացնելով բանակցությունները՝ Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց առաջին հերթին հենց այդ մեխանիզմը։ Ադրբեջանը սկսեց իր աղետալի հարձակումը։

Քանի դեռ այս փաստաթուղթը գաղտնի էր պահվում, Փաշինյանը բավավեճի էր հրավիրում նախկին նախագահներին։  Երբ որ այս փաստաթուղթը հրապարակվեց, այլևս Փաշինյանը բանավեճ չի ցանկանում։ Բայց ինքը պետք է պատասխանի հայ ժողովրդի առաջ և պատմության առաջ»,- ասում է Լևոն Զուրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանն այդ փաստաթուղթը թաքցրել են հանրությունից. Լևոն Զուրաբյան