Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի, գործարարները պետք է վերաբացվեն․ Նարեկ Կարապետյան
Երևանի Շենգավիթ համայնքի Գ. Նժդեհի հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները հանդիպեցին բնակիչների հետ։
«Մեզանից քիչ հեռու գտնվում է Հայաստանի ամենագլխավոր արդյունաբերական կենտրոնը։ Շենգավիթն ստեղծվել է հայ աշխատավորի կողմից։ Ձեր բոլորի ծնողները, դուք նաև ժամանակին աշխատել եք, որպեսզի Հայաստանը վերածնունդ ապրի, դառնա ուժեղ երկիր, ժամանակի մեջ, ցավոք, մեր երկրի կառավարման սխալների պատճառով այն ամբողջ տնտեսական հզորությունը, որն ուներ Շենգավիթը, փակվեցին՝ սխալ, թույլ քաղաքականության արդյունքում»,- այս մասին շենգավիթցիների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ այսօր Շենգավիթը Երևանում ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է։
«Շենգավիթը ոչ թե Երևանի տնտեսական ամբողջ ուժն է, որով նա մատակարարել է ամբողջ աշխարհին, այլ Երևանի այն մաս է, որը քիչ-քիչ է զարգանում»,-հավելեց Կարապետյանը։
Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի կողմից առաջարկվող ծրագրերին՝ Նարեկ Կարապետյանը նշեց․ « Շենգավիթը պետք է վերածնունդ ապրի։ Այստեղ ոչ թե պետք է լինեն պահեստներ, այլ 24 ժամ աշխատանք եռա։ Գործարարները պետք է վերաբացվեն՝ ժամանակակից նոր տեխնոլոգիաներով, հագեցած սարքավորումներով։ Հայաստանը պետք է աշխարհին հայտնի լինի ոչ միայն կոնյակով, ոչ միայն ծիրանով, այլ հայ մտքի ուրիշ գործով»։
Կարապետյանը նկատել է, որ Երևանում ներդրումներ չեն արվել։ Այս համոզմանը նա եկել է նաև մայրաքաղաքում շրջելու ընթացքում։
«Այսօր, երբ զբոսնում էինք, մենք մարդկանց ներկայացնում էինք Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքները մեր հայրենիքում։ Ասում էինք, որպեսզի իմանաս մարդն ինչպե՞ս է փոփոխություն բերելու, ի՞նչ է անելու ապագայում, նայիր, թե ի՞նչ է նա արել անցյալում։ Կարապետյանը, չունենալով որևէ պաշտոն, չլինելով պարտական դա անելու, որպես հայ տղամարդ, որպես հայ ազգի զավակ, իր ազգի համար արել է։ Ուզում եմ, որ այդ համեմատությունը մարդիկ անեն, Կարապետյանը չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար, իր գրպանից արել է մեծ բաներ, Փաշինյանը ստանալով պարգևավճարներ, 2 մետր ասֆալտ է անում և ամեն օր դրա մասին ասում է, բայց պարգևավճար ու աշխատավարձ է ստանում դրա հաշվին»,- իր ելույթում ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Այնուհետև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն իրենց աջակիցների հետ քայլերթով շարժվեցին դեպի Հայրենիքի խաչմերուկ։
Տեսանյութը՝ շուտով։