Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումները կատարելու համար․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
19:48 14/05/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումները կատարելու համար․ Ռոբերտ Քոչարյան

«Վերջերս մտածում եմ՝ մենք, որպես ժողովուրդ, իսկապես ընդունա՞կ ենք մեր կոլեկտիվ հիշողությանը տեր կանգնել և այդ կոլեկտիվ հիշողությունից դասեր քաղել։ Ինձ թվում է, թե պետք է կարողանանք, որովհետև ամեն մի անձ առաջին հերթին սովորում է իր փորձից»,- այս մասին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ մարդը՝ հիշում է, իսկ ազգը, ժողովուրդը հիշո՞ւմ է, թե՝ ոչ։

«Մենք հիշում ենք արդյոք, թե ինչ կատարվեց ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2021 թ․-ին, 2020 թվականի պատերազմից հետո։ Արդյո՞ք մենք հիշում ենք, որ կորցրել ենք Արցախը, որ տվել ենք 5000-ից ավելի զոհ, 12 000 վիրավոր։  Օրինակ, ես վստահ եմ, որ 2021 թվականի հունիսին հաստատ հիշում էին, որովհետև ընդամենը 6 ամիս էր անցել, բայց, այնուամենայնիվ, հիշելով մարդիկ գնացին և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի համար և ոգևորեցին իրեն, ոգևորեցին Արցախը հանձնելու համար, ոգևորեցին հաջորդ քայլերի համար։Հիմա սա կոլեկտիվ հիշողության դրսևորո՞ւմ է, թե՝ոչ։  Անկեղծ ասած՝մինչ այսօր, ես դրա բացատրությունը չունեմ»,- իր խոսքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ՝  ընտրողը հնարավորություն է տվել Փաշինյանին մեր գլխին բերել նոր ողբերգություն։

«Փաստորեն, ընտրողը քվեարկելով ասել է՝ «ապրես, մենք պատրաստ ենք զրկանքների, շարունակիր»։ Ըստ էության, սա կատարվեց։ Իշխանությունը ընտրությունների ճանապարհով մանդատ է ստանում մեկ  նպատակով՝ խոստումները կյանքի կոչելու համար, ուրիշ նպատակ չկա։ Այսօրվա իշխանությունը այդ մանդատի վերաբերյալ ունի յուրահատուկ վերաբերմունք։ Ինքը չի կապում մանդատը տված խոստումների հետ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար։ Ուրիշ բացատրություն այս ամենը ուղղակի չունի»,- շարունակեց քաղաքական գործիչը։

Քոչարյանը նաև մեջբերեց մի արտահայտություն․ «Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզացրել է, այլ ատում է նրան, ով չի կզացել։Եվ դրա համար է այդ մարդն  ատում մինչև այսօր բոլոր պայքարող կերպարներին։  Սա մի բարդույթ է, որը խորը նստած է այդ մարդու մեջ, ենթադրում եմ, որ ի ծնե։ Տեսակ է  և այդ տեսակը այսօր առաջնորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Խայտառակություն է»։

Ավելի մանրամասն՝  տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումները կատարելու համար․ Ռոբերտ Քոչարյան