ԲՀԿ նախընտրական քարոզարշավը գնահատվում է ամենաարդյունավետը. Իվետա Տոնոյան
Քաղաքական
15:34 15/05/2026
Հայաստան

ԲՀԿ նախընտրական քարոզարշավը գնահատվում է ամենաարդյունավետը. Իվետա Տոնոյան

«Այս մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացիների հետ ակտիվ հանդիպումների արդյունքում ձևավորվել է ԲՀԿ կարգախոսը՝ պատրաստվեք նոր փոփոխությունների»,-ամփոփելով  նախընտրական քարոզարշավի յոթ օրը՝ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով, անցած օրերին ԲՀԿ առաջնորդն ու թիմակիցներն ունեցել են ջերմ, մարդաշատ, էմոցիաներով լեցուն հանդիպումներ թե մարզերում, թե Երևանի տարբեր հատվածներում՝ ներկայացնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։

«Ինչպես ասել ենք, սա ժողովրդական ծրագիր է, որտեղ կան բոլոր խնդիրների լուծումները։ Խնդիրները, որոնք մեր քաղաքացիները ներկայացնում են, վերաբերում են անվտանգությանը, տնտեսության, սոցիալական վիճակին, առողջապահությանը, բազմաթիվ հարցեր են հնչում արտաքին պարտքին։ Սակայն մի հարց բաց է մնում, այս խնդիրների հասցեատերն իշխանությունն է, խնդիրների լուծման ճանապարհներն ունենք մենք»,-ասաց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ ներկայացուցիչը ընտական  գործընթացի  մասնակիցներին կոչ է արել հաջորդող շաբաթներին մնալ քաղաքական կոռեկտության, զգոնության սահմաններում, լինել կառուցողական դաշտում։

«Հենց մայիսի 8-ին՝ քարոզարշավի մեկնարկի առաջին օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ հանդիպմանը ֆիքսել է մեկ առաջնահերթություն, ցեխ չշպրտել որևէ մրցակցի, սակայն եթե լինեն մեզ վիրավորելու դեպքեր, պատասխանը լինելու է համարժեք»,-ասաց ԲՀԿ ներկայացուցիչը։

Արձագանքելով առաջիկա շաբաթների ընթացքում քարոզարշավի ընթացքի մասին հարցին՝ Տոնոյանն ասաց, ԲՀԿ քարոզչական թիմը տարբերվող ու հետաքրքիր գաղափարներ ունի, ըստ տարբեր գնահատականների, այդ թվում նաև սոցհարցումների արդյունքների, ԲՀԿ նախընտրական քարոզարշավը գնահատվում է ամենաարդյունավետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԲՀԿ նախընտրական քարոզարշավը գնահատվում է ամենաարդյունավետը. Իվետա Տոնոյան