Աղբի մեջ փող չկա, ո՞վ պետք է վճարի աղտոտելու համար
Հասարակություն
15:53 16/05/2026
Հայաստան

Աղբի մեջ փող չկա, ո՞վ պետք է վճարի աղտոտելու համար

Հայաստանում տարեկան 700 հազար տոննա կոշտ կենցաղային թափոն է գոյանում։ Որքան էլ որ զարմանալի թվա, բայց Հայաստանում մեկ բնակիչը միջին վիճակագրական եվրոպացուց 2,5 անգամ քիչ  թափոն է գոյացնում։ Այսինքն՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակիչն օրվա կտրվածքով գոյացնում է մինչև  800 գրամ կոշտ կենցաղային թափոն, իսկ եվրոպացին՝ 2-2,5 կգ։ «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովի ընթացքում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի   թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանը ներկայացրեց, որ այս  վիճակագրական ցուցանիշն ինչ-որ առումով բացատրվում է երկրի կենսաապահովման ցածր ցուցանիշների հետ։

«Հատկանշական է, որ այդ 700 հազար տոննա աղբի 90 տոկոսը գնում է աղբավայր։ Այսօր մենք ունենք 100-ից ավելի բաց շահագործվող աղբավայր։ Կենդանիներն այդ աղբավայրերից սնունդ են հանում ՝ տարածելով աղբը։ Այն տարածվում է նաև սելաֆների, անձրևաջրերի ու քամիների միջոցով ևս՝ աղտոտելով շրջակա միջավայրը։ Սա նաև տեղական իշխանությունների պատասխանատվության ներքո է»,- նշեց Ալպետյանը։

Ասել, որ մեր երկրում չկա վերամշակում, այդպես չէ։ Հայաստանում դեռևս խորհրդային տարիներից եղել է վերամշակման կուլտուրան։

 Այդուհանդերձ, խոսելով Հայաստանում վերամշակման ոլորտում առկա խնդիրներից, Ալպետյանը նախ ընդգծեց, որ Հայաստանում ունենք  վերամշակում, սակայն միևնույն ժամանակ գործարաններն ունեն հումքի պակասի խնդիր։

«Օրինակ՝ տարեկան գոյանում է 12 հազար տոննա ՊԷՏ տեսակի պլաստիկ (գազավորված ըմպելիքների շշեր և այլն)։ 12 հազարը մոտավորապես 400 մլն շիշ է կազմում, որոնցից ընդամենը 1 տոկոսը չի գնում բնական միջավայր»,- մանրամասնեց փորձագետը։

Իսկ թե վերամշակող ընկերությունները հումքի մնացած մասն ինչպես են ստանում, Ալպետյանն ասաց, որ շուրջ 20-30 տարի խոշոր համայնքների աղբավայրերում գործում են  ոչ ֆորմալ աշխատողներ, որոնց միջոցով է կորզվում վերամշակվող աղբը։

Բացի դրանից, Հայաստանում գոյանում է նաև 20 հազար տոննա անվադող, որոնց 80 տոկոսը չի վերամշակվում, վառվում է աղբավայրում։ Այսինքն՝ այսքան քանակ չի հասնում վերամշակող ընկերություններին, որոնք ունեն հումքի պակաս։ Մասնագետը նաև անդրադարձավ այն հարցին,թե ինչու մեր երկրում չի ստացվում կազմակերպել այս շղթան՝ արտադրողից ոչ թե թափոնը գնա աղբավայր, այլ՝ վերամշակման կետ։

«Նախ և առաջ այս ամենն իրականացնելու համար պահանջվում է ծախս, որը վճարելու ցանկություն ոչ ոք չունի։ Կա մեծ միֆ, որ «զիբիլի մեջ փող կա»։ Իրականում աղբի գործածությունը եկամտաբեր չէ, հակառակը՝ ծախսատար է։ Այս ամենի համար պետք է վճարի աղբ գոյացնողը՝ սպառողը և արտադրողը, ինչպես ընդունված է շատ զարգացած երկրներում։ Խոսքը՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին, որը կարգավորում է այս բոլոր համարաբերությունները»,-ասաց նա։

Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել արտադրողի ընդլայնված պատասխանատվության ինստիտուտը, որը նախատեսում է կոնկրետ ապրանքների (այսուհետ՝ ԱԸՊ ապրանքներ (արտադրանք)) արտադրողների և ներմուծողների  կողմից թափոնների որոշ տեսակների հետագա պարտադիր գործածության ապահովման համակարգ։Օրենքի նախագիծը քննարկման փուլում է։

«Ենթադրենք, 2027 թվին ընդունվեց այս օրենքը, 28-ից ուժի մեջ մտավ, մենք գիտենք, որ 28 թվի դրությամբ ուզում ենք  և պարտավորեցնում ենք արտադրողներին, որպեսզի էդ ՊԷՏ պլաստիկի 25 %-ը չգնա աղբավայր, վերամշակվի։ Նույնը՝ ապակու համար, տեսեք, ապակունը շատ ավելի ամբիցիոզ թիվը ՝ 60 %, որտեղ գնահատումը արվել է, մենք կարանք,դա անենք։ Անվադողի վերամշակումը ևս արժի փող։ Անվադողը, որպեսզի հավաքվի, տարվի, վերամշակվի,   վառելիքը ստացվի  300 000 դրամ փող է պետք՝ մեկ տոննայի համար։ Հիմա դուք ասեք՝ վառելիք են ստանում, բայց ամբողջ  ծախսերը չի ծածկում  վառելիքի վաճառքից։ Կարող է ընդհանրապես չկարանաս այդ վառելիքը վաճառել, որովհետև Իրանից նույն վառելիքը, օրինակ, շատ ավելի էժան կարող ես բերել, օրինակ։

Այսինքն՝ տնտեսապես արդարացված չէ, մեջը փող չկա։ Հիմա ԱԸՊ-ն այն  տնտեսական գործիքն է, որը կլրացնի այսպես ասած՝  կենսունակության բացը։ Այսինքն՝ ասում է՝ ժողովուրդ ջան, պարզ է, հասկանալի է, որ սենց վիճակ է, որպեսզի այս թիրախը ապահովվի և այս  50 %-ը մենք չտանենք աղբավայր, այլ վերամշակենք, մեզ պետք է այսքան փող։Եվ արտադրողը կլացնի հենց այդ  բացը»,- իր կարծիքը հայտնեց փորձագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աղբի մեջ փող չկա, ո՞վ պետք է վճարի աղտոտելու համար