Գրանցվել է մшհшպшտիժների ռեկորդային թիվ. Amnesty International-ի ահազանգը
Իրավունք
09:42 18/05/2026
Աշխարհ

Գրանցվել է մшհшպшտիժների ռեկորդային թիվ. Amnesty International-ի ահազանգը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝  1981 թվականի ի վեր 2025 թվականին գրանցվել է  մահապատիժների կիրառման ամենաբարձր մակարդակը։ Անցած տարվա ընթացքում 17 երկրներում մահապատժի է ենթարկվել 2707 մարդ։

Կազմակերպությունը նշում է՝ մահապատիժների վերաբերյալ իր զեկույցում արձանագրված ցնցող աճը վերագրվում է կառավարությունների փոքր խմբի, որոնք ընտրել են վախեցման միջոցով կառավարելը:

2025-ին գրանցված մահապատիժների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է 2024-ին գրանցված դեպքերին; ըստ զեկույցի,  Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվը հասել է առնվազն 356-ի, ընդ որում՝ մահապատիժը լայնորեն կիրառվում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար: Քուվեյթում մահապատիժների թիվը գրեթե եռապատկվել է (6-ից մինչև 17), մինչդեռ Եգիպտոսում (13-ից մինչև 23), Սինգապուրում (9-ից մինչև 17) և Միացյալ Նահանգներում (25-ից մինչև 47) այն գրեթե կրկնապատկվել է:

Ընդհանուր առմամբ, մահապատիժների թիվն աճել է 78%-ով՝ համեմատած 2024 թվականին գրանցված 1518 դեպքի հետ։ 2025 թվականի համաշխարհային վիճակագրությունը չի ներառում այն ​​հազարավոր մահապատիժները, որոնք, ըստ Amnesty International-ի, շարունակում են իրականացվել Չինաստանում, որը դեռևս աշխարհում ամենաշատ մահապատիժներն է իրականացնում։

«Մահապատիժների այս մտահոգիչ աճը կապված է պետությունների փոքր, մեկուսացված խմբի հետ, որոնք պատրաստ են մահապատիժներ իրականացնել անկախ ամեն ինչից՝ հակառակվելով դրանց վերացման համաշխարհային միտմանը: Իրանը, Եմենը, Չինաստանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային Կորեան, Սինգապուրը և Միացյալ Նահանգները՝ այս մի քանի երկրներն օգտագործում են մահապատիժը որպես սպառնալիքի գործիք՝ այլախոհությունը ճնշելու և պետական ​​ինստիտուտների բացարձակ իշխանությունը խոցելի և մարգինալացված խմբերի նկատմամբ ցուցադրելու համար», - ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրանցվել է մшհшպшտիժների ռեկորդային թիվ. Amnesty International-ի ահազանգը