Իսահակյանական թանգարանային միջավայրը` արվեստների խաչմերուկ. բացառիկ պրեմիերա «Երկիր հայրական» վոկալ պոեմ
Մշակույթ
09:56 20/05/2026
Հայաստան

Իսահակյանական թանգարանային միջավայրը` արվեստների խաչմերուկ. բացառիկ պրեմիերա «Երկիր հայրական» վոկալ պոեմ

Մայիսի 26-ին, ժամը 19:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա խոշոր մշակութային իրադարձություն. առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ռուս հանճարեղ կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» էպիկական վոկալ պոեմը՝ գրված մեծն վարպետ Ավետիք Իսահակյանի խոսքերով:

Նախագիծն իրականություն է դարձել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և «Ասք» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ (նախագծի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ ԵՊԿ պրոֆեսոր Արսեն Ղազարյան, տենոր՝ Հովհաննես Անդրեասյան, բաս՝ Հայկ Տիգրանյան, դաշնակահար՝ Լյուսյա Շահնազարյան):

Այս բացառիկ պրեմիերայի, ստեղծագործության բարդության, նշանակության և հատկապես բաս ձայնի էպիկական խորհրդի շուրջ Panorama.am-ը զրուցել է նախագծի մենակատար, օպերային երգիչ Հայկ Տիգրանյանի (բաս) և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի հետ:

Panorama.am -Պարո՛ն Տիգրանյան, «Երկիր Հայրական» վոկալ պոեմում բասն ունի խորքային, փիլիսոփայական առաքելություն: Ինչպե՞ս եք Դուք զգում Ձեր կերպարն այս գործում:

Հայկ Տիգրանյան- Այս էպիկական վոկալ պոեմում բասն իրապես հողի ու հայրենիքի ձայնն է, էպիկական իմաստությունը: Սվիրիդովն Իսահակյանի պոեզիայի միջոցով հանգել էր այն ըմբռնմանը, որ արվեստը պետք է լինի «հողածին»՝ արմատներով կապված հողին: Իմ կերպարն արտահայտում է հենց ժողովրդի ոգին, նրա պատմական ճակատագիրն ու հավատամքը: Երբ 1949 թվականին Սվիրիդովն առաջին անգամ ծանոթացավ մեծն Ավետիք Իսահակյանի ստեղծագործությանը, նա պարզապես ցնցված էր այս պոեզիայով: Շուտով ծնվեց տասնմեկ մասից բաղկացած այս խոշոր կտավը, որը գրված է տենորի, բասի և դաշնամուրի համար:

Պոեմում բասի էպիկական-վեհաշուք մեղեդին առաջին անգամ հնչում է նախերգանքում՝ «Փառք Հայրերին» համարում, որտեղ դաշնամուրի չափավոր ղողանջների ուղեկցությամբ ստեղծվում է արխաիկ կոլորիտ, և մենք հայացք ենք նետում դեպի պատմության խորքերը:  Այդ առաջին իսկ հնչյուններից բասի պարտիան ստանձնում է պատմիչի դերը: Դաշնամուրի այդ զուսպ, գրեթե զանգակատուն հիշեցնող ակորդները ստեղծում են մի այնպիսի հոգևոր տարածություն, որտեղ ձայնդ այլևս քոնը չէ. այն դառնում է դարերի խորքից եկող հավաքական արձագանք: Սա կարծես երդում է, հարգանքի տուրք մեր արմատներին»։

Իսկ տենորի՝ Հովհաննես Անդրեասյանի հետ մեր երաժշտական ու պոետիկ երկխոսությունը, որտեղ նա մարմնավորում է երազանքը, երիտասարդությունը, կարոտն ու անհատական վիշտը, վերածվում է անցյալի և ներկայի խորհրդավոր զրույցի:

   

Panorama.am-  Սվիրիդովի ստեղծագործության երաժշտական կառուցվածքն ու կատարողական երաժշտական լեզուն հայտնի են իրենց բարդությամբ: Ինչպիսի՞ն էր Ձեր հանդիպումը այս նյութի հետ:

Հայկ Տիգրանյան-Պետք է անկեղծ լինեմ. Սվիրիդովի մոնումենտալ այս շարքը իսկապես բարդ է թե՛ տեխնիկական, թե՛ կատարողական և թե՛ իմաստային համատեքստում: Ժամանակին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի հռչակավոր բաս և Սվիրիդովի մտերիմ ընկեր Ալեքսանդր Վեդեռնիկովն իր հուշերում գրել է, որ երբ առաջին անգամ ձեռքն է վերցրել այս նոտաները և ծանոթացել երաժշտական կառուցվածքին ու մոնումենտալ այս ժանրին, իրեն անհավանական դժվար են թվացել, բայց ներքին ձայնն հուշել է, որ այստեղ կա անսովոր, հզոր մի ուժ. «Երաժշտությունն ինձ համար իսկական մարտահրավեր էր. այս ստեղծագործության կառուցվածքն ու երաժշտական լեզուն յուրացնելը չափազանց դժվար էր. առաջին անգամ էի նման բանի հանդիպում... Թվում էր՝ պարզապես չեմ կարողանում յուրացնել այս շարքը... Բայց ներքին ինչ-որ ձայն հուշում էր, որ այս երաժշտության մեջ անսովոր, հզոր մի ուժ կա, և ես որոշեցի ամեն գնով սովորել այն»:

Հետաքրքիր զուգահեռներ անցկացնելով մեծանուն բասի հետ՝ կարող եմ նշել, որ ինձ համար նույնպես պատասխանատու ու լուրջ քայլ էր ստանձնել այս ստեղծագործության հայաստանյան ամբողջական պրեմիերայի կատարումը: Նույնիսկ մեծն Դմիտրի Շոստակովիչն է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին ուղղված նամակում շեշտել, որ «Հայրերի երկիրը» երգելն իսկապես դժվար է՝ ոչ պակաս դժվար, քան Վագներ կամ Մուսորգսկի կատարելը: Սվիրիդովը ձգտում է վոկալ-սիմֆոնիկ ոլորտին, և ձայնից պահանջվում է հսկայական տոկունություն: Եվ հետաքրքիրը նաև այն է, որ թեև այն առաջին հայացքից ռոմանս հիշեցնում, բայց օպերային կատարողական ամենաբարդ տեխնիկան է պահանջում։

Պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ խոսքերի հեղինակն Իսահակյանն է, իսկ նախագիծը ներկայացվելու է թատերականացված ձևաչափով: Սա, որպես օպերային երգչի, ինձ ավելի հոգեհարազատ է: Վարպետի տունն էլ դարձավ մեր ստեղծագործական թիմին միավորող ու կապող այն օղակը, որը կամրջեց ռեժիսոր Արսեն Ղազարյանի մտահղացումներն ու հեղինակային մոտեցումները, և նախագիծն ահա շուտով իրականություն կդառնա:

Ես, բնականաբար, մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այս գործին, քանզի այստեղ ինձ ոգեշնչում է մի քանի կարևոր գործոն. նախ այն հայ քնարերգու, մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի լավագույն ստեղծագործություններից կազմված, տրամաբանական հաջորդականություն և խորը գաղափարական առանցք ունեցող մի ստեղծագործություն է: Երկրորդ՝ այն գրել է հանճարեղ կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը, և այն առաջին անգամ պետք է բեմականացվի. այսինքն՝ իսահակյանական տողերը հենց իր տանը կյանք ու շունչ են ստանալու, նոտաներից վերածվելու են իրական պատումի և մեր տաղանդաշատ ռեժիսոր Արսեն Ղազարյանի ձեռքով դառնալու են իրական հայրենանվեր մի բեմադրություն, որը նորույթ է վոկալ ստեղծագործությունների շարքում՝ նոր խոսք, դեռևս նմանը չունեցող:

Այո, այսօր շատ բարդ է համատարած տեխնոլոգիական դարաշրջանում որևէ ոլորտում նոր խոսք ասել, բայց այս նախագծում այն իսկապես առկա է: Բացի դրանից՝ ինձ հոգեհարազատ է, որ այս ստեղծագործության մոնումենտալությունը մեր հայրենիքի հետ է ասոցացվում. այսինքն՝ այդ էպիկական ուժը հենց մեր լեռներն են, մեր հողն ու կամքը, ու մենք ենք, որ կանք:

Panorama.am- Ի՞նչ դրամատիկական հանգրվաններով է անցնում բասի պարտիան Իսահակյանի 11 բանաստեղծությունների ընթացքում:

Հայկ Տիգրանյան-«Երկիր հայրական» վոկալ պոեմն ունի վեհ, խորիմաստ կոլորիտ և արտահայտչամիջոցների յուրօրինակ սինթեզ: Թեև Իսահակյանն այս բանաստեղծությունները գրել է տարբեր տարիներին, սակայն պոեմում դրանք ստացել են բացարձակ տրամաբանական հաջորդականություն, որտեղ մեկն անդրադարձն է մյուսի և բխում է մեկը մյուսից: Շարքում կան թե՛ բասի ու տենորի առանձին մենախոսություններ և թե՛ համատեղ զուգերգեր: Բայց, անկեղծ ասած, ես չէի ցանկանա սրանք առանձնացնել կամ պարզապես կոչել «մեներգեր» ու «զուգերգեր»: Սա հենց մեկ միասնական պոեմ է, իսկ մեր կատարումները բեմում՝ մեկ ամբողջություն: Մենք հանդիսատեսին ներկայացնում ենք ոչ թե առանձին-առանձին համարներ, այլ մեկ մեծ կտավ:

Ինձ համար սվիրիդովյան այս պոեմը մեր օրերի յուրօրինակ «էպիկական երգն» է՝ ժողովրդի տոկունության, իմաստնության և ոգու վեհության մասին: Կատարման ընթացքում, գլխավոր հերոսի՝ Բանաստեղծի կողքին, մենք բեմում կերտում ենք նաև այլ կերպարների դիմանկարներ: Այստեղ կան բազմազան պատկերներ ու տեսարաններ, բայց առանցքային գաղափարը մեկն է՝ Հայրենիքը, նրա պատմական ճակատագիրն ու մարդիկ՝ թե՛ խաղաղ աշխատանքի, թե՛ ռազմի դաշտում: Եվ այդ ամենը ներկայացված ու իմաստավորված է հենց Բանաստեղծի հայացքով:

Այս էպիկական կտավում մենք անցնում ենք հայ ժողովրդի տարբեր կերպարների միջով: «Հացի երգը» դուետում, որը հանդիսանում է պոեմի կարևոր իմաստային հանգրվանը, հառնում է հարազատ հողի հետ միասնություն զգացող, ծանր աշխատանքով հաց վաստակող գեղջուկի պատկերը: Հացի երգը հենց տենորի և բասի պոետիկ երկխոսությունն է։  Սրան հակադրվում է «Մայրիկիս» և «Սալնո հովիտը» ստեղծագործությունների հոգեբանական դրաման, որտեղ բացահայտվում է հայրենի օջախի կարոտով տառապող պանդուխտի կերպար։  Սա հայրենիքի մասին խոհ է՝ նրանից բաժանված մարդու տեսանկյունից, որի երևակայության մեջ ուրվագծվում է հայրենի տան երեկոն, մոր կերպարը, որը օրորում է մանկան օրորոցը և շշնջում աղոթք։

Panorama.am- Իսկ ինչպե՞ս է ռուս կոմպոզիտորին հաջողվել փոխանցել հայկական ազգային կոլորիտը:

Հայկ Տիգրանյան- Դա պարզապես հանճարեղ է: Սվիրիդովը չի գնացել մակերեսային ճանապարհով: Նա վերակերտել է խորքայինը, արմատականը: Օրինակ՝ «Հացի երգում» դաշնամուրի պահվող հնչյունների ֆոնին կրկնվում է մելիզմատիկ ֆիգուր, որը բնորոշ է հայկական սազին: Իսկ «Մորս» համարում կոմպոզիտորն օգտագործում է դատարկ կվինտաներ, կվարտաներ, ինչը միանգամայն համահունչ է Կոմիտասի հանճարեղ երաժշտական լուծումներին:

Իսկ վերջաբանը՝ «Իմ հայրենիքը» դուետը, կամրջում է անցյալն ու ներկան՝ ալեկոծվող պատկերներով ու գարնանային զարթոնքով:

Panorama.am- Տիկի՛ն Ավետիսյան, ինչպե՞ս հղացավ այս մոնումենտալ ստեղծագործությունը հենց Իսահակյանի տանը բեմականացնելու գաղափարը, և ի՞նչ խորհուրդ ունի թանգարանային միջավայրը:

Արմինե Ավետիսյան-  Վարպետի տունը լավագույն վայրն է այս նախագծի համար, քանզի Սվիրիդովի համար Իսահակյանի պոեզիան հոգևոր մաքրության, բացարձակ անկեղծության և զգացմունքների ընդգրկուն ծավալի հսկայական բացահայտում էր: Կոմպոզիտորն իր հուշերում խոստովանել է, որ հենց Իսահակյանի տողերն ընթերցելիս է առաջին անգամ զգացել իր երաժշտական խարիսխը:

Պոեմի կատարման մտահղացումը բեմադրիչ, ռեժիսոր Արսեն Ղազարյանինն է, իսկ թանգարանը այդ գաղափարը կյանքի կոչող առանցքն է եղել։

Իսահակյանական թանգարանային միջավայրն այս օրերին դառնում է արվեստների իսկական խաչմերուկ՝ կամրջելով երաժշտությունը, թատրոնն ու պոեզիան: Սա սոսկ համերգ չէ, այլ թատերականացված բեմադրություն, որտեղ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները հնչելու են հենց նախագծի հեղինակի՝ Արսեն Ղազարյանի ինքնատիպ ընթերցմամբ:

Panorama.am- Իսահակյանի ո՞ր բանաստեղծություններն են տեղ գտել այս շարքում, և ինչպե՞ս է կոմպոզիտորին հաջողվել տեքստային այդ ընտրությամբ կերտել հայրենիքի ու մարդու համապարփակ պատմությունը:

Արմինե Ավետիսյան- Շարքի հիմքում Վարպետի 11 հանճարեղ բանաստեղծություններն են: Սվիրիդովը կառուցել է մի ամբողջական դրամատուրգիա, որտեղ յուրաքանչյուր գործ մի նոր հանգրվան է:

Իսահակյանի պոեզիան այստեղ ներկայանում է իր ողջ փիլիսոփայական խորությամբ. պանդխտության ցավը, հողի հետ արյունակցական կապը, մոր հանդեպ կարոտն ու սերը, մարդկային անձնական վիշտը Սվիրիդովի ձեռամբ վերածվել են էպիկական մեծ կտավի: Ուշագրավ է, որ Իսահակյանի տողերն այս նախագծում չեն կորցնում իրենց հայեցի հուզականությունը, ընդհակառակը՝ ռուսական կոմպոզիտորական դպրոցի հզորության շնորհիվ ստանում են համամարդկային հնչողություն:

Panorama.am- Ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախագծից, և արդյո՞ք սա կդառնա շարունակական հարթակ թանգարանի համար:

Արմինե Ավետիսյան- Մեր հիմնական նպատակն է թանգարանը պահել որպես կենդանի, շնչող մշակութային օջախ: Այս նախագիծը ցույց է տալիս, որ Իսահակյանի ժառանգությունը սահմաններ չի ճանաչում. այն ներշնչանքի աղբյուր է աշխարհի մեծագույն արվեստագետների համար:

Մենք լիահուս ենք, որ Սվիրիդովի ու Իսահակյանի այս յուրօրինակ երկխոսությունը, որն առաջին անգամ է կյանքի կոչվում Հայաստանում, երկարատև կյանք կունենա: Վարպետի տան դռները միշտ բաց են նման բարձրարժեք, նորարար և միևնույն ժամանակ ազգային արմատներից սնվող նախագծերի համար:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսահակյանական թանգարանային միջավայրը` արվեստների խաչմերուկ. բացառիկ պրեմիերա «Երկիր հայրական» վոկալ պոեմ