«Ժողովուրդ». Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է
Օրվա մամուլ
08:15 22/05/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի դիրքը դժվար է հաջողված համարել․ իշխող ուժը նրան տեղավորել է ընդամենը 96-րդ հորիզոնականում։ Մի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ակտիվ դեմքերից համարվող պատգամավորը այսօր փաստացի հայտնվել է քաղաքական հետին պլանում։ Սակայն, եթե քաղաքական կշիռը նվազել է, ապա ֆինանսական պատկերը՝ ճիշտ հակառակը։

2021-ից մինչև 2025 թվականը պատգամավորի դրամական միջոցներն ու եկամուտները զգալի աճ են արձանագրել՝ այն դեպքում, երբ քաղաքական դիրքերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլ ակնհայտորեն թուլացել են։

2021 թվականին Հերիքնազ Տիգրանյանը հայտարարագրել էր զրոյական կանխիկ միջոցներ։ Բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես ներկայացված չէին։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր շուրջ 10.9 միլիոն դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդը՝ ավելի քան 24.3 միլիոն դրամ։

Սակայն արդեն 2025 թվականի ավարտին պատկերը լրիվ այլ է։ Պատգամավորի բանկային հաշիվներում առկա է գրեթե 4 միլիոն դրամ՝ 3 մլն 972 հազար դրամ, կանխիկ միջոցները հասել են 1.5 միլիոն դրամի, իսկ տարեկան եկամուտները գերազանցել են 18.3 միլիոն դրամը։ Ընդ որում, միայն Ազգային ժողովից ստացած աշխատավարձը կազմել է ավելի քան 16.3 միլիոն դրամ։

Հետաքրքիր է նաև, որ պատգամավորի եկամուտների աճը գրեթե զուգահեռ է եղել նրա քաղաքական ազդեցության նվազմանը։ Մինչ ՔՊ-ում նոր դեմքերն առաջ են մղվում, իսկ հին թիմակիցներից շատերը մղվում են երկրորդ պլան, Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է

Հատկանշական է նաև եկամուտների կառուցվածքը։ Բացի պատգամավորական աշխատավարձից, Տիգրանյանը տարբեր տարիներին եկամուտներ է ստացել նաև Ռուս-հայկական համալսարանից, ինչպես նաև «այլ եկամուտ» ձևակերպմամբ գումարներ, որոնք որոշ տարիների հասել են ավելի քան 2 միլիոն դրամի։

Ստացվում է բավական հետաքրքիր քաղաքական-ֆինանսական հակասություն․ ՔՊ-ի ներսում ազդեցությունը նվազում է, բայց ֆինանսական ցուցանիշները՝ աճում։ Եվ եթե իշխող թիմում պատգամավորի քաղաքական ապագան մշուշոտ է թվում, ապա նրա անձնական ֆինանսական հաշվեկշիռը վերջին տարիներին միայն ամրապնդվել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Տիգրանյանի ֆինանսական վիճակը տարեցտարի բարելավվել է