Դատարանի որոշումը բողոքարկելու հիմքեր տեսնում ենք. Արամ Օրբելյան
Իրավունք
23:33 23/05/2026
Հայաստան

Դատարանի որոշումը բողոքարկելու հիմքեր տեսնում ենք. Արամ Օրբելյան

«Կալանքի որոշումը դեռ չենք հասցրել, բայց այն ծավալով, որքանով հասցրեցինք նայել,  բողոքարկման հիմքեր տեսնում ենք»,-դատարանի՝ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրանիկ  Թևանյանին  2 ամսով կալանավորվելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ 

Միաժամանակ նա հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին ներկայացուցիչների միջոցով։ 

Օրբելյանը նշեց, որ իրենք ակնկալում էին կալանքի միջնորդությունը պետք է մերժվեր, քանի որ գործի նյութերից որևէ ձև չի բխում ոչ հիմնավոր կասկած, ոչ էլ մնացած հանգամանքները։ 

Նա նշեց, որ այժմ ընտրարշավի վերջին փուլն է, սահմանափակում են ընտրական գործընթացին մասնակցելու հնարավորությունը. «Սա, ինչպես նաև ԿԸՀ երեկվա որոշումները, ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար, բնականոն ընթացքը»։ 

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանի որոշումը բողոքարկելու հիմքեր տեսնում ենք. Արամ Օրբելյան