Ամուլսարի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը շատ խիստ է որոշումը կայացրել․ Վարդանյան
Տնտեսություն
14:28 23/05/2026
Հայաստան

Ամուլսարի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը շատ խիստ է որոշումը կայացրել․ Վարդանյան

 Հայաստանում ԲՀՊՏ-ների ներկա ծածկույթը 386,355 հեկտար է կամ երկրի ողջ ծածկույթի 13․1 տոկոսը։ 2012 թվականից ԲՀՊՏ-ների ամբողջ տարածքն ընդլայնվել է 88,600 հեկտարով՝ 3 տոկոսով։ Այժմ կա պետական երեք արգելոց, չորս ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 233 բնության հուշարձան։

Որքանով են պահպանված ԲՀՊՏ-ները, այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցել է «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի հետ։

Վարդանյանի խոսքով՝ պահպանվող տարածքների պահպանությունից խոսելիս նախ պետք է հիշել Շիկաողի արգելոցի խնդրի մասին, որի  մի մասն ադրբեջանցիները զբաղեցրել են և շարունակում են ծառահատումներ իրականացնել։

«Այդտեղ արգելոցի խիստ պահպանվող ռեժիմը չի պահպանվում։ Ճանապարհներ են կառուցում,ծառեր են հատվում, ինչն ամենամեծ խնդիրն է։ Բացի դրանից, արգելավայրերը չունեն սահմաններ։ Մարդիկ տեղեկացված չեն՝ որտեղից է սկսվում արգելավայրի տարածքը կամ առհասարակ շատ դեպքերում նույնիսկ իրենց մոտ գտնվող պահպանվող տարածքի մասին տեղյակ չեն։ Իսկ ահա Ջերմուկի արգելավայրային գոտում հանքարդյունաբերություն են սկսել և  շատ այլ տեղերում։  Առաջինը հենց այդ համայնքները չգիտեն, որ իրենց տարածքում արգելավայր է։ Երկրորդը՝ թույլ են տալիս հանքարդյունահանություն, որը ընդունելի չէ»,- ասաց Վարդանյանը։

Էկոլոգի դիտարկմամբ՝ շատ վայրերում բացակայում են նշումները առ այն, որ այտեղ բնության հուշարձան է։

«Շատ դեպքերում չկա նշում, որ դա բնության հուշարձան է։ Կողքը պետք է այդ մասին նշված տեղեկություն լինի՝  թե ի՞նչ է նշանակում այդ հուշարձանը, ինչո՞ւ է հուշարձան ճանաչվել և այլև։ Բացի դրանից  շատ բնության հուշարձանների կողքի տարածքները սեփականաշնորհել են։  Հուշարձանը կորցնում է  ամբողջ   գեղեցկությունը՝ կառուցված շինությունների հետևանքով։ Օրինակ՝ Ջերմուկի «Երազանքի  կամար»-ի  կողքը սեփականաշնորհված հող կա, սրճարան են ցանկացել կառուցել և կիսատ թողել։ Այն դեպքում, երբ սեփականաշնորհելու իրավունք չունեին։ Արդյունքում՝ ամբողջ  համայնապատկերը,  կամարի տեսարանը փակվել է։  Հիմա պետք պետք է գոնե ինչ-որ փոխհատուցումով հետ վերցվի տարածքը, որովհետև մարդիկ գալիս են այդ «Երազանքի  կամար»-ը տեսնելու, տակը կանգնելու և  երազանք պահելու համար։ Սա ընդամենը մեկ օրինակ է։ Այսպիսի շատ խնդիրներ կան։ Նույնը  Սյունիքի մարզում Շաքի ջրվեժի հետ կապված։ Մարդիկ գնում են, որպեսզի տեսնեն պահպանվող տարածքը, բայց կառուցված ՀԷԿ-ի պատճառով , ջրվեժի ջուրը փակում են ։ Զբոսաշրջիները 10 000 դրամ են մուծում, որ բացում են, տեսնում ես։ Հենց հեռանում ես՝ ջուրը կտրում են, ծորակի պես ջուրը բացում են։ Այսինքն՝  բնության հուշարձանի պահպանությունը չի գործում, եթե ամռան շրջանում գնաս,  ջուր չես տեսնում ջրվեժում»,- շարունակեց Վարդանյանը։

 Այսինքն՝ տնտեսական գործունեությունն իրականացվում է ի հաշիվ բնության և հատկապես՝ պահպանվող տարածքների։

Այս համատեքստում Վարդանյանը ընդգծեց,որ մենք ունենք պատասխանատվություն՝ պահպանելու կենսաբազմազանությունը և հաջորդ սերունդներին փոխանցելու, առանձնապես՝ կարմիրգրքյան տեսակները։  

«Ամուլսարում կա  Մատնունի ծիրանավոր տեսակը, որը ոչնչանում է հենց այդ հանքի գործարկմամբ։ Կառավարությունը որոշում է կայացրել, որ այդ տեսակը պետք է տեղափոխի,որն աշխարհում միայն այդտեղ է աճում։Եթե այստեղ էլ վերանա , ապա տեսակն առհասարակ չի լինի աշխարհում։ Մոտ մեկ ամիս առաջ Ամուլսարի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը (Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիա) շատ խիստ է որոշումը կայացրել՝ քննադատելով այտեղ կարմիր գրքային բույսերի ու կենդանիների ոչնչացումը՝ պայմանավորված հանքարդյունաբերության գործունեությամբ»։

 Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունները դիմել էին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն։ Հարցը մի անգամ քննարկվեց անցյալ տարի և ժամկետ տրվեց՝  խախտումները վերացնելու համար։ Իսկ հիմա արդեն կա հստակ որոշում, որի մասին  ոլորտի փորձագետները պատրաստվում են համաժողովի շրջանակում խոսել։ 

 Մասնագետը նշեց, որ մինչև այս Հայաստանում կատարվող փոփոխությունները, այդ թվում՝ ՇՄԱԳՓ օրենքում արված փոփոխությունները, կատարվել են ի նպաստ հանքարդյունաբերության ոլորտի։ Վարդանյանի գնահատմամբ՝  որոշումներն ի նպաստ չեն եղել բնության հատուկ պահպանվող տարածքների և առհասարակ բնապահպանությունն  դուրս է ուշադրությունից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամուլսարի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը շատ խիստ է որոշումը կայացրել․ Վարդանյան