ԱՄԷ-ն մեղադրվում է Սուդանի պատերազմում կոլումբիացի վարձկանների պատրաստելու մեջ
Քաղաքական
16:30 26/05/2026
Աշխարհ

ԱՄԷ-ն մեղադրվում է Սուդանի պատերազմում կոլումբիացի վարձկանների պատրաստելու մեջ

Սուդանի պատերազմում ներգրավված «Արագ արձագանքման ուժեր» (RSF) կիսառազմական խմբավորմանը աջակցելու վերաբերյալ նոր մեղադրանքներ են հնչել Արաբական Միացյալ Էմիրությունների հասցեին։ Այս մասին գրում է ABC News-ը։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄԷ-ն մարզել է կոլումբիացի վարձկանների, որոնք հետագայում ուղարկվել են Սուդան՝ «Արագ արձագանքման ուժեր»-ի շարքերում կռվելու համար։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ հարյուրավոր կոլումբիացիներ ռազմական պատրաստություն են անցել Աբու Դաբիի մերձակայքում գտնվող Ալ-Զաֆրա ռազմաբազայում և Էմիրությունների այլ վայրերում։ Դրանից հետո նրանք տեղափոխվել են Սուդան։

Կազմակերպությունը հղում է անում կոլումբիացի մի վարձկանի պատմությանը, որի խոսքով՝ ինքը նախորդ տարվա ապրիլին մարզել է նորակոչիկներին Հարավային Դարֆուրի Նյալա քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներում։ Կազմակերպությունը նշում է, որ զրուցել է նաև այլ կոլումբիացի վարձկանների և նախկին զինվորականների հետ։

Սուդանի պատերազմը սկսվել է 2023 թվականի ապրիլի 15-ին, երբ երկրի բանակի և «Արագ արձագանքման ուժեր»-ի միջև իշխանության համար պայքարը վերածվել է լայնածավալ բախումների։

ՄԱԿ-ի փորձագետները դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հայտնել էին, որ կոլումբիացի վարձկաններ կռվում են Սուդանի տարբեր շրջաններում։ Նրանց խոսքով՝ վարձկանները ներգրավված են եղել անօդաչու թռչող սարքերի, հրետանու և զրահատեխնիկայի շահագործման, ինչպես նաև անմիջական մարտական գործողությունների մեջ։

«Արագ արձագանքման ուժեր»-ի հրամանատար Մոհամմեդ Համդան Դաղլոն այս տարվա փետրվարին հրապարակված տեսաուղերձում ընդունել էր, որ կոլումբիացիները օգնել են խմբավորմանը անօդաչու սարքեր կիրառելու հարցում։

Միևնույն ժամանակ, ԱՄԷ Արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է մեղադրանքները։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Էմիրությունները թույլ չեն տալիս իրենց տարածքն օգտագործել որևէ հակամարտության համար զինյալների հավաքագրման, մարզման կամ տեղափոխման նպատակով։ Նախարարությունը նաև նշել է, որ նման գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ կամ կազմակերպություն կենթարկվի քրեական պատասխանատվության։

Իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը, այդ թվում՝ Եվրամիությանը, կոչ է արել ճնշում գործադրել ԱՄԷ-ի վրա և դադարեցնել «Արաջ արձագանքման ուժեր»-ին ցուցաբերվող աջակցությունը՝ կասեցնելով ռազմական համագործակցությունն ու զենքի վաճառքը։

ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել կոլումբիացի վարձկանների հավաքագրմամբ զբաղված մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ։ Սակայն Վաշինգտոնը դեռ պաշտոնապես չի արձագանքել ԱՄԷ-ի ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։

Ըստ  որոշ տվյալների, Սուդանի պատերազմում մինչ այժմ զոհվել է առնվազն 59 հազար մարդ, սակայն իրական թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄԷ-ն մեղադրվում է Սուդանի պատերազմում կոլումբիացի վարձկանների պատրաստելու մեջ