«Փաստ». Գուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր»
Օրվա մամուլ
08:43 26/05/2026
Հայաստան

«Փաստ». Գուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր»

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն ձևավորվել է մի շերտ, որը պաշտոնապես իրեն ներկայացնում է որպես «ընդդիմություն», սակայն իրականում կատարում է մեկ կարևոր քաղաքական ֆունկցիա՝ թույլ չտալ, որ հակաիշխանական ընտրազանգվածը համախմբվի իրական իշխանափոխության շուրջ։ Այս ուժերը տարբեր են արտաքինով, բառապաշարով ու ոճով, բայց ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք երբեք չեն հարվածում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերին այնպես, որ այն իրական վտանգ զգա։ Ընդհակառակը՝ հաճախ հենց իրենց գոյությամբ են ապահովում գործող իշխանության վերարտադրությունը։

Այդ շղթայում առանձնահատուկ տեղ ունի իրեն «Շնորհապետական» անունը կրող կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Քաղաքագետի, «ազգային» գործչի և «նոր քաղաքական ուժի» առաջնորդի կերպարով ներկայացող Սիմոնյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է զբաղեցնել այն դաշտը, որտեղ հավաքված են հակառուսական տրամադրություններ ունեցող, բայց Փաշինյանից դժգոհ քաղաքացիները։ Սա պատահական չէ։ Սիմոնյանը տարիներ շարունակ հանդես է եկել ընդգծված հակառուսական դիրքերից՝ կոչ անելով դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄից, հեռացնել ռուսական զորքերը Հայաստանից և ամբողջությամբ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։ Սակայն ամենակարևոր հարցը սա չէ։ Ամենակարևորը քաղաքական հետևանքն է։

Գուրգեն Սիմոնյանը փորձում է ներկայանալ որպես «ազգային շահի պաշտպան», բայց իրականում նրա ամբողջ քաղաքական գործունեությունը բերում է նույն կետին՝ ընդդիմադիր դաշտի մասնատմանը և Փաշինյանի համար վտանգավոր ընտրազանգվածի ցրմանը։ Նա կարող է երբեմն քննադատել Փաշինյանին, բարձր տոնով խոսել պետականության մասին, բայց երբեք չի ձևավորում այնպիսի քաղաքական օրակարգ, որը կարող է իրական համախմբում ստեղծել գործող իշխանության դեմ։ Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է. ստեղծել վերահսկվող «ընդդիմություն», որը կվերցնի բողոքական ձայները, բայց չի վերածվի իշխանափոխության ռեսուրսի։

Այսօր արդեն ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը պահվում է ոչ միայն ՔՊ-ի վարչական ռեսուրսով, այլ նաև այն «կեղծ ընդդիմադիրների» միջոցով, որոնք հասարակության մի հատվածին թույլ չեն տալիս միավորվել իրական քաղաքական փոփոխության շուրջ։

Եվ այդ համակարգում Գուրգեն Սիմոնյանը դարձել է ամենաակտիվ և ամենավտանգավոր սատելիտներից մեկը՝ «ազգային» բառերի փաթեթավորմամբ սպասարկելով նույն իշխանությանը, որի դեմ իբր պայքարում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Գուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր»