Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լաոսում փրկարարները փորձում են օգնության հասնել յոթ գյուղացիների, որոնք արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ փակված են քարանձավում։ Այս մասին գրում է Associated Press -ը։ Նրանք չորեքշաբթի օրը մտել էին քարանձավ՝ ոսկի և վայրի կենդանիներ փնտրելու, բայց ուժեղ անձրևների և սողանքների պատճառով դուրս գալ չեն կարողացել։
Փրկարարների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են սուզակները դժվարությամբ անցնում նեղ ու ցեխոտ թունելներով, որոնք գրեթե ամբողջությամբ ջրի տակ են։ Քարանձավի որոշ հատվածներ այնքան նեղ են, որ լայնությունը մոտ 50 սանտիմետր է։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև մասնագետներ, որոնք օգնել էին 2018 թվականին Թաիլանդում քարանձավում փակված ֆուտբոլիստ երեխաներին։
Տեղեկությունների համաձայն՝ խմբից մեկ մարդ կարողացել է դուրս գալ և իշխանություններին հայտնել մնացածների մասին։
Փրկարարները հիմա փորձում են քարանձավից ջուրը դուրս հանել և հասնել ավելի խորը հատվածներին, բայց ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, ինչը դժվարացնում է աշխատանքը։
Թաիլանդական փրկարարական խմբի ներկայացուցիչ Քենգկարդ Բոնգկավոնգը հայտնել է, որ իրենք, հավանաբար, արդեն շատ մոտ են արգելափակված մարդկանց գտնվելու վայրին՝ մոտ 20 մետր հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ ջուրը դուրս մղելու աշխատանքները շարունակվում են ամբողջ օր ու գիշեր։