Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Հիվանդանոց ղեկավարելու ընթացքում, ինչպես են մասնակցում առկա ուսուցմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարարության համակարգում ձևավորվել է նոր պրակտիկա, ըստ որի՝ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ՝ միաժամանակ շարունակելով իրենց կառավարչական պաշտոնավարումը։
Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում, ըստ գործող կարգի, ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին՝ միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական և վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաև ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։
Այս համատեքստում բարձրացված հարցերին ի պատասխան՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի կողմից հնչեցված մտահոգություններին անդրադառնալով, Առողջապահության ազգային ինստիտուտը պարզաբանել է, որ կրթական գործընթացները կազմակերպվում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին։ Անգամ նախօրեին Ալեքսանդր Բազարչյանի ղեկավարած ինստիտուտը ռիլ է հրապարակել դասապրոցեսից, թե ինչպես են մարդիկ դասերին նստած։
Սակայն հենց այս պարզաբանումը, ըստ էության, չի փակում հարցերը, այլ նոր հարցեր է առաջացնում՝ ինչպես է իրականում կազմակերպվում առկա ուսուցումը, եթե ուսանողները միաժամանակ զբաղեցնում են բարձր պատասխանատվության կառավարչական պաշտոններ։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նման իրավիճակն ընդունելի չէ և պետք է մանրամասն ուսումնասիրվի։
«Պետք է ծառայողական քննությամբ և այլ ձևերով պարզաբանվի, պետք է ճշտվի»,– արձագանքել է նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի է հիվանդանոց ղեկավարելու ընթացքում առկա կրթական գործընթացում ձևական կամ ոչ լիարժեք մասնակցությունը։
Այս պահին, ըստ նախարարի արձագանքի, հարցը տեղափոխվում է ծառայողական քննության դաշտ, ինչը փաստացի նշանակում է, որ համակարգը թեման պարզաբանելու կարիք ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում