Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հետազոտություն. Կանանց դեմքերը ավելի գրավիչ են գնահատել նույնիսկ այլ կանայք
Կանանց դեմքերը սովորաբար ավելի գրավիչ են գնահատվում նույնիսկ հենց կանանց կողմից։ Սակայն հետազոտողները նշում են, որ այդ տարբերությունը տարիքի հետ աստիճանաբար նվազում է և մոտ 80 տարեկանում գրեթե անհետանում։ Գրում է The Guardian պարբերականը։
Ուսումնասիրությունը, կարծես, հաստատում է «գենդերային գրավչության տարբերության» գոյությունը։ Այդ երևույթը արտացոլվել է նաև դարերով ձևավորված լեզվում, որտեղ կանանց հաճախ անվանել են «գեղեցիկ սեռ»։
Գերմանիայի Մաքս Պլանկի անվան էմպիրիկ գեղագիտության ինստիտուտի գիտաշխատող դոկտոր Եվգեն Վասիլիվիցկին նշում է. «Սա շատ ուժեղ ազդեցություն է, և այն նկատվում է տարբեր մշակույթներում։ Կանանց դեմքերը գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը՝ անկախ մյուս գործոններից։ Ամենահետաքրքիրը այն է, որ կանայք ամենաբարձր գնահատականները տալիս են այլ կանանց, իսկ ամենացածրը՝ տղամարդկանց»։
Վասիլիվիցկին նշում է, որ նախկինում շատերը պարզապես ընդունում էին, թե կանայք «ավելի գեղեցիկ սեռն» են, սակայն այդ ենթադրությունը երբեք լուրջ գիտական ստուգման չէր ենթարկվել։
Նոր հետազոտության համար նա և իր գործընկերները հավաքել են դեմքերի գրավչության գնահատականների աշխարհի ամենամեծ տվյալների բազան։ Այն ներառում էր 76 երկրներում անցկացված 52 ուսումնասիրություն։ Վերջնական տվյալների բազայում եղել է գրեթե 30 հազար գնահատող, 17 հազար դեմք և ավելի քան 1,5 միլիոն գնահատական։
Վերլուծությունը ցույց է տվել, որ միջին հաշվով կանացի դեմքը գնահատվել է ավելի գրավիչ, քան տղամարդկանց դեմքերի մոտ 60 տոկոսը։ Այս տարբերությունն առավել արտահայտված էր արևմտյան երկրներում։
Գիտնականների կարծիքով՝ ազդեցության մի մասը կապված է դեմքի կառուցվածքային տարբերությունների հետ։ Միջին հաշվով տղամարդիկ ունեն ավելի ուղղանկյուն դեմք, իսկ կանայք՝ ավելի կլոր։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի գրավիչ են համարում կլոր դեմքերը։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը հստակ չի բացատրում, թե ինչու են կանացի դեմքերն ավելի գրավիչ ընկալվում։ Վասիլիվիցկու խոսքով՝ այստեղ միայն մշակութային գործոնները չեն կարևոր։ Նրա կարծիքով՝ երբ որևէ երևույթ նկատվում է ամբողջ աշխարհում, դժվար է այն բացատրել միայն մշակույթով։
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ տարիքի հետ կանանց և տղամարդկանց դեմքերի գրավչության տարբերությունը նվազում է։ 18 տարեկանից սկսած այդ տարբերությունը աստիճանաբար փոքրանում է և մոտ 80 տարեկանում գրեթե անհետանում։
«Տարիքի հետ տղամարդկանց և կանանց դեմքերը ավելի նման են դառնում իրար։ Դեմքի կառուցվածքային տարբերությունները նվազում են, և դա կարող է բացատրել, թե ինչու է գրավչության տարբերությունն աստիճանաբար անհետանում»,- ասել է Վասիլիվիցկին։