Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քենիայի կենտրոնական հատվածում գտնվող Գիլգիլ քաղաքի գիշերօթիկ դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 16 աշակերտ, ևս տասնյակ երեխաներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան, երբ աշակերտուհիները քնած են եղել հանրակացարանում։
BBC-ն գրում է, որ հրդեհը սկսվել է հանրակացարանի առաջին հարկում և կարճ ժամանակում ամբողջությամբ ընդգրկել շենքը։ Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը մոտավորապես ժամը 03:00-ին, սակայն այդ պահին արդեն զոհեր կային։
Քենիայի կրթության նախարար Ջուլիուս Օգամբան հայտնել է, որ 71 աշակերտուհի բուժօգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ ևս յոթը շարունակում են ստանալ բժշկական օգնություն։ Նրա խոսքով՝ հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, և դեպքի առթիվ քննություն է իրականացվում։
Դպրոցի տարածքում հավաքվել էին տասնյակ անհանգստացած ծնողներ ու հարազատներ, որոնք սպասում էին իրենց երեխաների մասին տեղեկությունների։ Իշխանությունները հայտարարել են, որ աշակերտներին աստիճանաբար կհանձնեն ծնողներին և խնամակալներին՝ հետաքննության ընթացքում։
Ներքին գործերի նախարար Կիպչումբա Մուրկոմենը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ կոչ անելով հասարակությանը պահպանել հանգստություն և զերծ մնալ չհաստատված տեղեկություններ տարածելուց։
Ոստիկանության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում և ընդգրկել շուրջ 220 աշակերտի համար նախատեսված հանրակացարանը։ Ողբերգության պահին դպրոցում գտնվել է ավելի քան 800 երեխա։
Քենիայում գիշերօթիկ դպրոցներում հրդեհները վերջին տարիներին պարբերաբար կրկնվում են։ Մասնագետները հիմնական պատճառների թվում նշում են հանրակացարանների գերբնակեցումը, անվտանգության կանոնների անտեսումը, ինչպես նաև որոշ դեպքերում դիտավորյալ հրկիզումները։