Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առաջիկայում իմ ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն ավարտվին հասցնենք։ Չեմ ուզում, որ այսօրվա երեխաներին կիսատ խնդիրներ ժառանգենք»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում Ոսկեպարում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2024 թվականին հայտարարել էր՝ Ղարաբաղյան շարժումը պետք չէ շարունակել. «Իմ համոզմամբ՝ եթե այն շարունակվեր, Հայաստանը դեռ երկար տարիներ կմնար մշտական հակամարտության և ծանր կորուստների մեջ, իսկ խնդիրը միևնույն է լուծում չէր ստանա։ 30 տարի մեզ տարբեր պատկերացումներ են ներկայացրել Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Այսօր շատերը ասում են, թե նախկինում հնարավոր էր ավելի լավ լուծում գտնել։ Եթե այդպես էր, ապա ինչո՞ւ այդ լուծումները չեն իրականացվել այն տարիներին, երբ իրենք էին իշխանության»։
Փաշինյանի խոսքով, նախկինում քննարկվել է տարբերակ, ըստ որի՝ Մեղրին պետք է տրվեր Ադրբեջանին, իսկ Ղարաբաղը անցներ հայկական վերահսկողության տակ։
«Բայց եթե կարծում ես, որ Ղարաբաղը Ադրբեջանինը չէ, ապա ինչո՞ւ պետք է քո տարածքից ինչ-որ բան տաս դրա դիմաց։ Այդ մոտեցումն ինքնին հակասական է։ Ես ընդունել եմ իրականությունը և քաղաքական կամք եմ ցուցաբերել՝ հանուն ապագա սերունդների։ Նույն քաղաքական կամքն է պետք նաև սահմանազատման հարցում»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա, սահմանազատման հիմնական նպատակը պետք է լինի, որ Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը հստակ ամրագրվի և ճանաչվի։
«Կան բարդ հատվածներ՝ ճանապարհների, գյուղերի, հաղորդակցությունների և նախկին խորհրդային քարտեզների հետ կապված»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը նշել է. «Հիմքում վերցվում են խորհրդային շրջանի վարչական սահմանները և Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները։ Միաժամանակ, եթե որևէ հատվածում այդ սահմանը մարդկանց համար լուրջ դժվարություններ է ստեղծում, օրինակ, գյուղը կտրվում է ճանապարհից կամ կենսական ենթակառուցվածքներից, ապա այդ հարցերը պետք է քննարկվեն և գտնվեն գործնական լուծումներ։
Նպատակն այն չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը նոր խնդիրներ ստեղծեն միմյանց համար։ Նպատակն այն է, որ սահմանը հստակեցվի այնպես, որ մարդիկ կարողանան բնականոն ապրել, գյուղերը չտուժեն, և ապագա սերունդները չժառանգեն նոր հակամարտություններ։
Իմ կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում աստիճանաբար ավելի շատ մարդիկ են սկսում հավատալ, որ խաղաղությունը կարող է իրական լինել։ Որքան շատ մարդիկ հավատան խաղաղությանը, այնքան ավելի մեծ կլինի դրա իրականացման հնարավորությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։