Ատրակցիոնի խափանման պատճառով ուղևորները մնացել են մի քանի տասնյակ մետր բարձրության վրա
Հասարակություն
11:47 30/05/2026
Աշխարհ

Ատրակցիոնի խափանման պատճառով ուղևորները մնացել են մի քանի տասնյակ մետր բարձրության վրա

ԱՄՆ Տեխաս նահանգի Գալվեսթոն կղզու զվարճանքի համալիրում գտնվող «Iron Shark» ամերիկյան ատրակցիոնը հինգշաբթի օրը տեխնիկական խափանման պատճառով կանգ է առել վերելքի ընթացքում՝ ութ ուղևորի թողնելով շուրջ 100 ոտնաչափ (մոտ 30 մետր) բարձրության վրա։ Այս մասին հայնում են միջազգային լրատվամիջոցները։

Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղևորները՝ չորսական հոգուց բաղկացած երկու շարքով, նստած մնում թեք հատվածում՝ դեպի երկինք ուղղված դիրքով։

Գալվեսթոնի հրշեջ ծառայության պետ Մայք Վարելա կրտսերի խոսքով՝ փրկարարները դեպքի վայր են ժամանել մոտավորապես ժամը 17:30-ին։ Փրկարարական գործողության ընթացքում յուրաքանչյուր ուղևորի հերթով ամրացրել են անվտանգության հատուկ համակարգով և հրշեջ մեքենայի զամբյուղի միջոցով իջեցրել գետնին։

«Մեր աշխատակիցները կարողացան հանգստացնել ուղևորներին և վստահեցնել, որ կիրառվող անվտանգության միջոցները նրանց ապահով են պահելու», — ասել է Վարելան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ուղևորները զգալի սթրես են ապրել, սակայն գետնին իջնելուց հետո մեծ թեթևություն և ուրախություն են զգացել։

Գալվեսթոնի քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ բոլոր ութ ուղևորները անվտանգ տարհանվել են, իսկ վերջին մարդը ատրակցիոնից դուրս է բերվել երեկոյան ժամը 21:00-ից քիչ անց։

Պարզվել է, որ ուղևորները մասնակցում էին դպրոցական էքսկուրսիայի։

Վարելայի խոսքով՝ ամենաբարդ փուլը աշակերտներին ատրակցիոնից հրշեջ մեքենայի զամբյուղ տեղափոխելն էր։ Նա նշել է, որ փրկարարները նաև մտահոգված էին աշակերտների ջրազրկման վտանգով, քանի որ նրանք երկար ժամանակ մնացել էին արևի տակ։

Pleasure Pier-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Թերի Թըրնին հայտարարել է, որ ատրակցիոնը տեխնիկական խափանում է ունեցել վերելքի սկզբնական հատվածում։

«Ինչպես նախատեսված է անվտանգության համակարգով, ատրակցիոնը անմիջապես կանգ է առել՝ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր առաջնահերթությունը եղել է ութ մարդկանց անվտանգությունը, և այդ պատճառով դիմել ենք հրշեջ ծառայության օգնությանը», — նշել է Թըրնին։

Նրա խոսքով՝ այժմ իրականացվում է ատրակցիոնի մանրակրկիտ տեխնիկական ստուգում։

Pleasure Pier-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ «Iron Shark» ամերիկյան ատրակցիոնը կարող է զարգացնել մինչև ժամում 52 մղոն (մոտ 84 կմ/ժ) արագություն, ունի 1246 ոտնաչափ (մոտ 380 մետր) երկարությամբ ուղի և 100 ոտնաչափ բարձրությունից ուղղահայաց վայրէջք։

Փրկարարական գործողության ավարտից հետո Մայք Վարելան բարձր է գնահատել հրշեջների աշխատանքը՝ նշելով, որ նրանք ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և պրոֆեսիոնալիզմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ատրակցիոնի խափանման պատճառով ուղևորները մնացել են մի քանի տասնյակ մետր բարձրության վրա