Ինչո՞ւ են քաղաքական ուժերը խուսափում խոսել բնապահպանական խնդիրներից
Քաղաքական
19:08 30/05/2026
Հայաստան

Ինչո՞ւ են քաղաքական ուժերը խուսափում խոսել բնապահպանական խնդիրներից

  «Թրանսփարենսի Ինթերնեյշընըլ» ՀԿ-ը  հրապարակել է ուսումնասիրություն , համաձայն որի՝ 18 քաղաքական ուժերից միայն 9-ն են անդրադարձել բնական ռեսուրսների կառավարման, օգտագործման և բնապահպանությանն առնչվող հարցերին։ Որոշներն անդրադարձել են մեկ նախադասությամբ, որոշները՝ մի փոքր ավելի երկար։ Սակայն նույնիսկ անդրադարձի դեպքում էլ, դրանց մանրամասների մասին ոչ ոք չգիտի, քանի որ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ հրապարակային ելույթներում չի անդրադառնում էկոլոգիական հարցերին։  

 «Քաղաքական ուժերն առհասարակ չեն անդրադառնում էկոլոգիական հարցերին։Ինքս էլ ուզում է այդ հարցը բարձրացնել։ Չեմ լսել ամեն դեպքում, որ մարզային հանդիպումների ընթացքում որևէ հարցի մասին խոսվի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզից «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը։

Նա ընդգծեց, որ հատկապես կցանկանային քաղաքական ուժերի ծրագրերում տեսնել Սևանա լճի խնդրի լուծման ճանապարհները, քանի որ լիճը մարզի հարստություն է և դրա առողջացումը մեծ նշանակություն ունի բնակիչների համար։

«Սա մեր ամենակարևոր խնդիրը է։ Կցանկանայինք լսել, թե Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը ո՞նց են  վերաբերում, ի՞նչ ծրագրեր կան»

Բադեյանի խոսքով՝ մյուս կողմից էլ բնակիչները հանդիպումների ընթացքում չեն բարձրաձայնում այս հարցերը։

«Բնակիչների ուղեղը լիքը ուրիշ հարցերով են զբաղեցրել՝ անվտանգային, սոցիալական, գազի թանկացում, ոչ մեկը էկոլոգիայի մասին այս պահին չի մտածում։ Մինչդեռ Սևանա լճի մակարդաակը նախորդ տարվա համեմատությամբ դեռևս  ցածր է, ամբողջ տարվա համեմատ բալանսը բացասական է եղել։ Բնակիչները գուցե կարճաժամկետ հատվածում չեն զգում, թե որքանով է էկոլոգիական խնդիրներն անդրադառնում բնակչության սոցիալական վիճակի վրա, սակայն երկարաժամկետ հատվածում այն նկատելի է»,- նշեց Գեղարքունիքի մարզի բնակիչը։

Նրա գնահատմամբ՝ տնտեսական ծրագրերը մշակելիս պետք է «կանաչ» բաղադրիչը հաշվի առնել։

«Հիմա ամբողջ աշխարհը գնում է  շրջանապես տնտեսության մոդելների։ Ի վերջո, բոլորը հասկացել են, որ երկրագնդի վրա ռեսուրսները սահմանափակ չեն»,- եզրափակեց Բադեյանը։

Իսկ ահա Լոռու մարզից «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը  Panorama.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ քաղաքական ուժերի կողմից այդքան էլ բնապահպանական հարցերին մեծ ուշադրություն չեն դարձնում։

«Որոշ կուսակցություններ  ունեն մոտեցումներ,որոնք կապված են կանաչ տնտեսությունների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման,  կանաչ էներգետիկայի անցման հետ, բայց մանրամասն, բնապահպանական բաղադրիչ, շատ քիչ կուսակցություններ ունեն։ ,    Ես այդպիսի բան չեմ լսել, որ որևէ մեկը բնապահպանական հարցերից կամ խնդիրներից խոսի։ Ընդհանրապես, այս հարցը 2-րդական, 3-րդական տեղերում է գտնվում, կասեի՝ տասներորդական, այսինքն՝ բնապահպանական մոտեցում գոյություն չունի։ Չեմ տեսել, որ  գնան կանգնեն աղտոտված տարածքներում, մարդկանց հետ խոսեն այդ խնդրից։ Փոխարենը, կան քաղաքական ուժեր, որոնք շեշտադրումը դնում են  այնպիսի զարգացման ֆորմատների վրա, որի դեպքում շրջակա միջավայրը էլ է ավելի աղճատվելու կամ աղտոտվելու,  ընդհուպ, մասշտաբային արդյունաբերություն և այլն։ Ստանդարտ մոտեցումներ են հիմնականում մեծ մասի մոտ, որոնք չեն տարբերվում գաղափարապես տասնամյակներ շարունակ տարբեր քաղաքական ուժերի շաբլոնային հռչակագրային մոտեցումներից։ Այս պայմաններում հույսեր ակնկալել պետք չէ, թե կանդրադառնան բնապահպանական խնդիրներին»։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը լավագույն դեպքում նշում՝ բարձր տեխնոլոգիաների կիրառումն արդյունաբերության մեջ, սակայն խնդիրների խորքային լուծումներ չկան։

«Կարծում եմ՝ քաղաքական ուժերը խուսափում են նույնիսկ խոսել բնապահպանական խնդիրներից, մտածելով, որ այդ դեպքում իրենց նկատմամբ որոշակի մոտեցում կձևավորի, ինչն  իրենց կվնասի»։

Դուլգարյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ ոչ միայն Լոռու մարզում, այլև ողջ հանրապետությունում կա ակտիվիստական ցանց , որը   դիտարկումներ է իրականացնում։ Օրինակ՝ «Կանաչ խորհուրդների դաշնությունը», «էկո ակտիվիստական» շարժումը և այլն։ Համաձայն դիտարկումների՝ քաղաքական ուժերի կողմից  որևէ բնապահպանական ելույթներ առայժմ չեն արձանագրվել։

 ՀԿ ներկայացուցյիչը ևս փաստում է, որ բնապահպանական խնդիրներն ուղղակիորեն կապված են  մարդկանց սոցիալական բարեկեցության հետ։

«Վերցնենք զբաղվածության այն ուղղությունները, որոնք կապ ունեն շրջակա միջավայրի հետ։ Օրինակ,եթե միավորենք գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը,  միասին կլինեն Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի առնվազն15 %-ը։  Զուգահեռ գումարենք արտադրությունները, օրինակ՝ գինու արտադրանքը, որը ևս բխում է գյուղատնտեսությունից, ապա երկրի տնտեսության ավելի քան 15 %-ը ուղիղ շրջակա միջավայրի ազդեցության ներքո է։ Չասեմ արդեն առողջապահական բաղադրիչը, այսինքն՝ շրջակա միջավայրի մաքրությունը օգնում է, որպեսզի քաղաքացիները լինեն առողջ և կարողանան իրենց բարեկեցիկ կյանքը կառուցել։ Այսինքն՝ այս շղթան ուղիղ կապված են միմյանց հետ։  Ուզում եմ ասել, որ Հայաստանի բնակչության  զգալի մասի բարեկեցությունը պայմանավորված է շրջակա միջավայրի ազդեցությամբ, խոսքը ՝ տնտեսական բաղադրիչի մասին է։  Առանց մաքուր շրջակա միջավայրի ընդհանրապես պատկերացնել որևէ սոցիալ-տնտեսական զարգացում կամ բարեկեցություն՝ անհնար է։ Ու, ցավալիորեն, մենք չենք տեսնում, որ դրանք վառ արտացոլված լինեն քաղաքական մոտեցումներում»,- ասաց Դուլգարյանը։

  «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը նույնպես նկատել է, որ այսքան կուսակցություններ  քարոզարշավ են իրականացնում, սակայն որևէ կես բառ բնությունից չի խոսում։

«Ինձ համար սա ցուցիչ է, թե կուսակցությունները ոնց են վերաբերում մեր բնությանը։ Ի վերջո մենք առանց բնության չենք կարող գոյատևել, մենք բնության մի մասն ենք։Սա ինչ-որ լոզունգ չի, խոսույթ չէ, սա մեր կյանքն է։ Մենք առանց բնության եթե չենք լինելու, առանց մաքուր օդի, առանց մաքուր ջրի, առանց անտառների, առանց կենսաբազմազանության, եթե մեր առողջությունը քայքայված է, մեզ պե՞տք են ձեր տնտեսական աճը,  խաղաղության լոզունգները։   Եթե այստեղ մարդկությունը վերանալու է, եթե մեր գենոֆոնդը վերանալու է, ինձ ի՞նչ է հետաքրքրում ձեր հետ լոզունգները,խոսքս բոլորին է վերաբերվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

 Նա նկատեց, որ որևէ կուսակցություն չի խոսում շրջակա միջավայրի խնդիրներից։

 «Չգիտեմ՝ գիտակցության, դաստիարակության, թե կրթության հարց է, բայց չեն խոսում»,- հավելեց նա։

Վարդանյանը հիշեցնում է, որ եվրոպական երկրների խորհրդարաններում «կանաչ» ուժերը բավականին ակտիվ ներկայություն ունեն։

«Աշխարհում բնապահպանական խնդիրներն առաջին պլանում են։ Կան հզոր «կանաչ» կուսակցություններ, օրինակ՝ Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում, որոնք  ներգրավված են ԱԺ-ում, Կառավարությունում։ Կարծում եմ՝ շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքը գալիս է ընտանիքից, գիտակցության խնդիր է ինչ-որ առումով»,- եզրափակեց Վարդանյանը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ են քաղաքական ուժերը խուսափում խոսել բնապահպանական խնդիրներից